ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 16-ին կայացած նիստում որոշում է կայացվել լրացուցիչ 45 մլն դրամ հատկացնել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգևատրման համար՝ հաղորդում է ԿԳՄՍ նախարարության կայքը:
2021 թ․ ՀՀ պետական բյուջեով վերոնշյալ միջոցառումը հաստատվել էր 51 միլիոն 500 հազար դրամով, սակայն ՀՀ կառավարության՝ 2021 թվականի մարտի 18-ի N 371 – Ն որոշմամբ այն նվազեցվել էր 46 միլիոն 500 հազար դրամով և կազմել 5 մլն դրամ։ Քանի որ նախատեսվում է պարգևատրել 2021 թվականի 10 լավագույն մարզիկներին, ուստի անհրաժեշտություն է առաջացել միջոցառմանը տրամադրել լրացուցիչ 45 մլն դրամ:
Անհրաժեշտ գումարը կտրամադրվի 2021 թվականի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարության ընդհանուր տնտեսումների հաշվին։
Նշենք, որ այս տարի դրամական պարգևներ կստանան ոչ միայն տարվա 10 լավագույն մարզիկները, այլև հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց անձնական մարզիչները, բժիշկները, իսկ այն թիմերը, որոնք չեն ունենա բժիշկներ, պարգևներ կստանան մերսողները:
2021թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում դեկտեմբերի 9-ից մեկնարկել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի SMS քվեարկության փուլը: Այն կանցկացվի մինչև դեկտեմբերի 19-ը՝ ժամը 23:59-ը ներառյալ:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» քվեարկությունը հավատարմագրված լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների մասնակցությամբ տեղի կունենա առաջիկա օրերին:
Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: