Հայ բռնցքամարտիկները մրցակցային փորձ ձեռք բերելու նպատակով են մասնակցելու հաջորդ շաբաթ Բուլղարիայում անցկացվելիք «Ստրանջա» ավանդական միջազգային խոշոր մրցաշարին: Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Անդրադառնալով Երևանում ավարտին մոտեցող նախապատրաստական հավաքին՝ մարզիչը նշեց, որ մարզումներն ուղղված էին մարզիկների մարզավիճակի պահպանմանը:
«Հաշվի առնելով, որ Հայաստանի առաջնությունը նոր է ավարտվել՝ որոշեցինք մեկշաբաթյա կարճ հավաք անցկացնել, որպեսզի այս մրցաշարից առաջ տղաներին պահենք մրցակցային վիճակում: Դրանից ելնելով անցկացրել ենք ոչ ծանրաբեռնված մարզումներ, որոնք, կարծում եմ, նորմալ ընթացան: Մեզ ընկերակցել են մոլդովացի չորս բռնցքամարտիկներ, որոնք հանդես են գալիս 57, 63,5 և 80 կգ քաշային կարգերում: Միջին կարգի մարզիկներ են, որոնք նույնպես օրեցօր բարելավում են իրենց որակները: Նրանց հետ մարզումային մենամարտեր չենք անցկացրել, քանի որ դրա կարիքը չկար: Ավելի շատ կատարվել է զույգերով աշխատանք»,- ներկայացրեց գլխավոր մարզիչը:
Կարեն Աղամալյանը նշեց, որ «Ստրանջայի» մրցաշարին մասնակցելու են Հայաստանի չեմպիոնները, սակայն երկու քաշային կարգում Հայաստանի թիմը կունենա երկուական մասնակից:
«Վնասվածքի պատճառով բացակայում են անցյալ տարվա Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և նույն մրցման բրոնզե մրցանակակիր Նարեկ Մանասյանը (92 կգ): Իսկ 71 կգ քաշային կարգում Հայաստանի նորընծա չեմպիոն Զավեն Գալստյանը մրցավայր չի մեկնի անձնագրի հետ կապված խնդրի պատճառով: Բուլղարիայի մրցաշարին մասնակցելը կարևորում եմ աշխարհի առաջնությունից առաջ մրցակցային փորձ ձեռք բերելու տեսանկյունից: Շատ ուժեղ մրցաշար է սպասվում. ակնկալվում է ԱՄՆ-ի, Կուբայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, ուժեղագույն այլ երկրների թիմերի մասնակցությունը»,- հայտնեց մարզիչը:
Հայ բռնցքամարտիկների հաջորդ միջազգային մեկնարկը լինելու է մարտ-ապրիլին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում նախատեսված մրցաշարը, որին նախորդելու է 12-օրյա երևանյան հավաքը:
«Դրանից հետո կորոշենք աշխարհի առաջնության մասնակիցների կազմը: Իսկ որոշ տղաներ կպատրաստվեն նաև հունիսին կայանալիք Եվրոպական խաղերին, որում խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր: Ինչպես գիտեք, աշխարհի առաջնությունը տարօրինակորեն վարկանիշ չի տալու»,- եզրափակեց Կարեն Աղամալյանը:
«Ստրանջայի» մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը, Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ 63 կգ),Արարատ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանն (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի փետրվարի 19-ին:


