Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, VNews-ի հետ զրույցում ամփոփելով Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտված մեծահասակների առաջնության արդյունքները, նշեց, որ հավաքականի ոչ բոլոր առաջատարները լիարժեք արդարացրին իր սպասելիքները։ Նա չբացառեց հնարավոր փոփոխություններն ազգային թիմի հիմնական կազմում՝ ընդգծելով, որ ցանկացած պարագայում որոշիչ են լինելու առաջիկա ամիսներին նախատեսված հավաքները և միջազգային մրցաշարերը։
«Հայաստանի առաջնությանը հավաքականի մարզիկների նախապատրաստության վերաբերյալ մեկնաբանություններից զերծ կմնամ, քանի որ այս ընթացքում նրանք մարզվել են իրենց մարզօջախներում։ Զգացվեց, որ նրանց մի մասը լավ էր պատրաստվել, մյուսները՝ ոչ այնքան։ Որոշ տղաներից գոհ եմ, մի քանիսից էլ՝ դժգոհ, քանզի տեսնում եմ, որ ավելացնելու տեղ ունեն։ Ինչ վերաբերում է նրանց ֆիզիկական և ֆունկցիոնալ պատրաստականությանը, ապա կարող էին ավելի լավը լինել։ Ամեն դեպքում կարևոր է, որ նրանք պատրաստ լինեն տարվա գլխավոր մրցումներին»,- ասաց մարզիչը։
Կարեն Աղամալյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ որոշ քաշային կարգերում տեղի ունեցավ առաջատարների փոփոխություն։ «Օրինակ՝ 51 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը պարտվեց Ռուդոլֆ Գարբոյանին։ 54-ում առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձավ Հենրիկ Սահակյանը, որը բավականին լավ բռնցքամարտիկ է, մինչև այդ էլ ընդգրկվել է հավաքականում։ Ռինգում նորեկ չէ Բարեղամ Հարությունյանը, սակայն առաջին անգամ դարձավ 48 կգ քաշայինների չեմպիոն։ 92 կգ քաշային կարգի մասին չեմ խոսի, քանի որ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը բացակայում էր վնասվածքի պատճառով։ Իրեն լավ դրսևորեց 60 կգ քաշային կարգում հաղթած Արթուր Ղազարյանը։ Նրան կփորձենք հավաքների և մրցումների ընթացքում։ Արթուրը բավականին փորձառու մարզիկ է։ Նշեմ, որ Հայաստանի չեմպիոն դառնալը դեռ չի երաշխավորում կոնկրետ բռնցքամարտիկների մասնակցությունն աշխարհի առաջնությանը։ Իհարկե, նրանք առաջին համարներն են, բայց հավաքականի կազմը որոշելու ենք միջազգային մրցաշարերի արդյունքներով։ Ժամանակ ունենք»,- ընդգծեց Կարեն Աղամալյանը։
VNews-ի զրուցակիցը տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականը համաշխարհային ստուգատեսին պատրաստվելու է 2-3 փուլով։ Աշխատանքները սկսվելու են Ծաղկաձորում, իսկ ապրիլի վերջին տասնօրյակում, ամենայն հավանականությամբ, մեծ հավաք կլինի Ղազախստանում, որտեղ նախատեսվում է համատեղ մարզումներ անցկացնել երեք այլ երկրի հավաքականների հետ։ Այնտեղից էլ հայ բռնցքամարտիկները միանգամից կմեկնեն Ուզբեկստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։
Նախատեսվում է մասնակցել նաև միջազգային երկու ստուգողական մրցման՝ փետրվարի 18-ից Բուլղարիայում կայանալիք «Ստրանջա» մրցաշարին և մարտի վերջին-ապրիլի սկզբին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք մրցմանը։ Այդ ամենը միջանկյալ փուլ է հանդիսանալու նաև հունիսին Լեհաստանում կայանալիք Եվրոպական երրորդ խաղերին պատրաստվելու համար։ Հիշեցնենք, որ եվրոպական սպորտի այդ փառատոնում խաղարկվելու են Օլիմպիական ուղեգրեր։
Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի մեծահասակների առաջնությանը մասնակցեց 95 մարզիկ: Երկրի չեմպիոն դարձան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Անուշավան Մխիթարյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։


