Logo

Կարեն Բարսեղյան. «VAR-ի կիրառումն այնքան էլ լավ գաղափար չէր ֆուտբոլի համար»

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:15 / 24.11.2022Աշխարհի առաջնություն
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տեղում գտնվող Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մեկնարկում գրանցված անակնկալներին, VAR համակարգի նշանակությանը և պատմել մրցաշարից իր սպասելիքների մասին։

ԱԱ-2022-ում մինչև այժմ գրանցված ամենախոշոր անակնկալը մարզիչը համարում է աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականի պարտությունը Սաուդյան Արաբիայի թիմից (1։2), իսկ երկու այլ խաղերի արդյունքն, ըստ մարզիչի, կարելի է անսպասելի որակել (Մարզիչի հետ զրույցը տեղի է ունեցել Գերմանիա - Ճապոնիա (1։2) խաղից առաջ)։

«Իմ կարծիքով, Արգենտինայի պարտությունը սենսացիոն լինելով հանդերձ պատահականություն չէր։ Կարծում եմ՝ հարավամերիկյան թիմը պարտվեց հենց խաղով։ Անկեղծ ասած, չեմ հասցրել ամբողջությամբ դիտել այդ հանդիպումը, քանի որ նույն ժամին «Ալաշկերտը» Հայաստանի առաջնության շրջանակում մրցում էր «Փյունիկի» հետ։ Այդ առումով զերծ կմնամ ընդգրկուն վերլուծությունից, սակայն, դատելով իմ տեսած դրվագներից, Արգենտինան խաղով պարտվեց։ Արդյո՞ք դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ արգենտինացի մարզիչները խաղը կառուցել էին Լիոնել Մեսիի շուրջ և որքանո՞վ էր դա արդարացված։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիչ այդպես կվարվեր, եթե իր կազմում ունենար Մեսիի կարգի վարպետ։ Այլ հարց է, թե ինչպես կօգտագործեն Մեսիին և ինչ մարզավիճակում կլինի նա։ Իմ կարծիքով, մեկնարկում նման պարտություն կրելը չարյաց փոքրագույնն է արգենտինացիների համար, որովհետև նրանք խորհելու, վերլուծելու և իրավիճակը շտկելու ժամանակ ունեն»,- արձանագրեց Կարեն Բարսեղյանը։

Իսկ ահա Դանիա - Թունիս և Մարոկկո - Խորվաթիա հանդիպումներում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիները մարզիչը հակված չէ անակնկալ համարել․ «Այսօր աֆրիկյան հավաքականները բավականին լավ վիճակում են։ Դա ապացուցեց նաև Սենեգալի հավաքականը, որը թեպետ 0։2 հաշվով պարտվեց Նիդերլանդներին, բայց բավականին լավ ֆուտբոլ ցուցադրեց։ Աֆրիկյան ֆուտբոլում որակապես դրական շարժ կա։ Բացի այդ, ամբողջ աշխարհում թիմերի խաղամակարդակը որոշակիորեն հավասարվում է»,- ասաց նա։

Միաժամանակ, Կարեն Բարսեղյանը չի կարծում, որ տարվա այս եղանակին աշխարհի առաջնության անցկացումը կարող է որակապես անդրադառնալ գլխավոր ֆուտբոլային մրցաշարի ընթացքին.

«Չեմ կարծում, որ այս ժամանակահատվածում աշխարհի առաջնության անցկացումը հոգնածության առումով անհավասար պայմաններ կարող է առաջացնել եվրոպական և այլ աշխարհամասերի ակումբներում խաղացող ֆուտբոլիստների համար։ Հակառակը՝ այդ գործոնն ավելի շատ պետք է, որ զգացվեր այն ժամանակ, երբ աշխարհի առաջնություններն անցկացվում էին ամռանը, քանի որ եվրոպական ակումբների խաղացողները շատ ծանր մրցաշրջանի ավարտից գրեթե անմիջապես հետո հայտնվում էին ազգային հավաքականների տրամադրության ներքո։ Այն դեպքում նրանք ֆիզիկական, ֆունկցիոնալ և հոգեբանական պատրաստականության առումով ավելի ծանրաբեռնված էին մոտենում աշխարհի առաջնությանը։ Իսկ հիմա նրանք ակումբային մակարդակով ավելի քիչ խաղ են անցկացրել։ Կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է դրական անդրադառնա աշխարհի ընթացիկ առաջնության դիտարժանությանն ու, ընդհանրապես, խաղերի որակին։ Իհարկե, հասկանալի է, որ մրցաշարը նոր է մեկնարկել և կլինեն խաղեր, որոնցում այդ առումով որոշակի խնդիրներ կծագեն, սակայն, կարծում եմ, հետագայում ավելի հետաքրքիր և գրավիչ ֆուտբոլ կտեսնենք»։

Կարեն Բարսեղյանը կարծիք հայտնեց նաև տեսակրկնապատկերների VAR համակարգի կիրառման վերաբերյալ։

«Եղել և մնում եմ այն կարծիքին, որ VAR-ի կիրառումն այնքան էլ լավ գաղափար չէր ֆուտբոլի համար։ Դրանով, կարծես, երկրորդ պլան ենք մղում մարդկային գործոնը, որը ֆուտբոլի անբաժանելի մասն է։ Սակայն, մյուս կողմից, VAR-ի բացակայությամբ լինում են մրցավարական լուրջ սխալներ, որոնցից երբեմն չի հաջողվում խուսափել անգամ այդ համակարգի կիրառման դեպքում։ Այդ պարագայում ինչպե՞ս վարվեն սխալներից տուժած թիմերը։ Ըստ այդմ, VAR-ի կիրառումը, լավագույն գաղափար չլինելով հանդերձ, ճիշտ որոշում է։ Պարզապես պետք է ավելի ճիշտ օգտագործել այն։ Համաձայն եմ, որ խաղից դուրս վիճակ որոշելիս գուցե պետք չէ ընկնել միլիմետրերի հետևից։ Սակայն, եթե այդ հարցն ինձ ուղղեք այն դեպքում, երբ պարտվել եմ միլիմետրերի պատճառով՝ կպատասխանեմ, որ այդ միլիմետրերն, իհարկե, կարևոր են։ Եվ հակառակը՝ այդ միլիմետրերի շնորհիվ հաղթելիս կասեմ, որ դրանք էական նշանակություն չունեն»,- նկատեց մարզիչը։

Անդրադառնալով ԱԱ-2022-ի ակնկալիքների մասին հարցին՝ Կարեն Բարսեղյանն առաջարկեց դրա քննարկմանը վերադառնալ ավելի ուշ, երբ մրցաշարը կլինի բուռն ընթացքում. «Միանշանակ է, որ հեղափոխական փոփոխություններ չեն լինի, բայց էվոլյուցիոն որոշ զարգացումներ գուցեև տեսնենք։ Հնարավոր է՝ դարձյալ առաջնային դառնան ստանդարտ դիրքերի արդյունավետ իրացումը և տուգանային հրապարակում կամ դրա մատույցներում ֆուտբոլիստների անհատական որակների դրսևորումը»։

Մարզիչի կարծիքով, աշխարհի առաջնության հավանական ֆավորիտների ցանկն առանձնապես չի փոխվել։ «Իմ նախընտրած հավաքականը, ցավոք, չի մասնակցում այս առաջնությանը։ Նկատի ունեմ Իտալիային։ Հիմա մասնակից որևէ հավաքականի չեմ երկրպագում, բայց ավանդական ֆավորիտներ են մնում Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Ֆրանսիան։ Այլ հարց է, թե նշված թիմերն ինչպես կդրսևորեն իրենց։ Դա էլ պարզ կդառնա ժամանակի ընթացքում»,- խոսքը եզրափակեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ