Logo

Կարեն Բարսեղյան. «Պայքարելու ենք Պրեմիեր լիգայի ուղեգրի և Հայաստանի գավաթի համար»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:43 / 30.01.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Կարեն Բարսեղյանն արդեն սկսել է մարզչական աշխատանքը ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցող ու Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս եկած Կապանի «Գանձասարում»։ VNews-ի թղթակցի հետ զրույցում 47-ամյա մասնագետը ներկայացրել է մրցաշրջանի գարնանային հատվածում ակումբի նպատակները և պատմել առաջիկա անելիքների մասին։

Կարեն Բարսեղյանը հայտնեց, որ «Գանձասարի» հետ իր համագործակցության մանրամասները հայտնի կդառնան առաջիկա օրերին՝ աշխատանքային պայմանագրի վավերացումից հետո։

«Արդեն բանակցել ենք ակումբի ղեկավարության հետ, ծանոթացել ծրագրերին և դրանց լուծման հնարավորություններին։ Որոշել ենք համագործակցել։ Պայմանագիրը կկնքենք առաջիկա օրերին։ Համագործակցության ժամկետը դեռ որոշված չէ, քանի որ կա լուծման կարիք ունեցող խնդիր։ Հենց այդ նպատակով եմ ժամանել Կապան՝ մնացածն ինձ չէր հետաքրքրում։ Թիմի նպատակն է նվաճել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր և, ինչու ոչ, պայքարել գավաթի համար։ Մի խոսքով՝ պայքարելու ենք երկու ճակատով։ Սահմանված խնդիրներն, իհարկե, անչափ բարդ ու դժվարին են, բայց՝ լուծելի։ «Ալաշկերտում» աշխատելու շրջանում էլ ակումբի ղեկավարության ուրվագծած նպատակներն անիրականալի էին թվում, սակայն թիմը լուծեց այդ խնդիրը»,- նշեց Կարեն Բարսեղյանը։

Մարզիչն ընդգծեց, որ կապանյան թիմը համակողմանի համալրման կարիք ունի. «Կարելի է ասել՝ խաղային բոլոր դիրքերը ուժեղացման կարիք ունեն։ Հիմա ակումբը շատ լուրջ բանակցությունների փուլում է, քանի որ պատրաստվում է հետամուտ լինել կարևոր խնդիրների։ Համալրման թեկնածուներ կան, բայց ժամանակի խնդիր ունենք։ Ցավոք, փոքր-ինչ ուշ ենք սկսել նախապատրաստությունը։ Այնուամենայնիվ, խնդիրներով հանդերձ պետք է փորձենք առավելագույնս լավ պատրաստվել առաջնությանը։ Առաջին խմբում պարտադիր պայման է մեկնարկային կազմում 6 տեղացի ֆուտբոլիստ ունենալը, ուստի կանենք այնպես, որպեսզի թիմում գերակշռեն հայաստանցի խաղացողները։ Սակայն, մրցունակ լինելու համար պարտադիր պետք է նաև լեգեոնականներ ունենանք։

Մարզումները սկսել ենք։ Առաջին հավաքը փետրվարի 5-6-ից կկազմակերպենք տեղում։ Ընթացքում մտադիր ենք մեկ շաբաթով մեկնել Երևան և 2-3 ընկերական հանդիպում անցկացնել։ Սակայն, դա դեռ քննարկման փուլում է։ Այս պահին արտագնա հավաքի կարիք չեմ տեսնում»,- խոսքը եզրափակեց մարզիչը։

Հիշեցնենք, որ Կարեն Բարսեղյանի նշանակման մասին «Գանձասարը» հայտարարել է հունվարի 26-ին։ Անցյալ տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 24-ը երևանցի մասնագետը գլխավորել է «Ալաշկերտը»։ Նա կապանյան ակումբը մարզել է նաև 2017-18 թվականներին։

Հայաստանի Առաջին խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Գանձասարը» 36 միավորով չորրորդ տեղում է։ Կապանցիները հաջորդ պաշտոնական խաղը կանակցնեն մարտի 4-ին՝ ընդունելով 2 միավորի առավելությամբ երրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիա-2»-ին։ «Գանձասարը» հասել է նաև Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ուրարտուի» հետ։ Քառորդ եզրափակիչում մարզային թիմը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր «Ալաշկերտին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ