ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանացել են կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը և ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը: Եվս 23 մարզիկ արժանացել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և հետագա հաջողություններ մաղթել նրանց: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել մարզիչներին քրտնաջան ու անձնվեր աշխատանքի համար
«Շնորհավորում եմ բոլորիդ: Սա ձեր քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունքն է: Իհարկե, սրանք պատվաբեր կոչումներ են, բայց գագաթնակետը սպորտի վաստակավոր վարպետի կոչումն է: Մաղթում եմ, որ հետագայում հասնեք այնպիսի արդյունքների, որոնց համար կստանաք հենց այդ բաղձալի կոչումը: Հուսով եմ՝ պարբերաբար կհանդիպենք ձեր հաջողությունները նշելու ու պարգևներ հանձնելու համար:
Մարզիչների աշխատանքը շատ կարևոր է: Կառավարությունն ամեն ինչ անում է, որ դուք ձեզ գնահատված զգաք: Եվ դա շարունակական է լինելու: Այս պահին արդեն 201 մեդալ ունենք, որը ֆանտաստիկ արդյունք է: Տեսնենք՝ մինչև տարեվերջ ինչ արդյունքներ կգրանցենք»,- նշել է Կարեն Գիլոյանը:



