Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը գրառում է կատարել սոցցանցերում և անդրադարձել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնը» բաց թողնելու որոշմանը:
«Սա ինձ համար հեշտ հայտարարություն չէ, բայց ես պետք է ասեմ, որ չեմ մասնակցի «Ուիմբլդոնին»։ «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքի պատճառով երկրորդ տարին անընդմեջ չեմ մասնակցի «Ուիմբլդոնին»:
Հրաժարվելու որոշումը հեշտ չէր: Ես մինչև վերջ հույս ունեի, որ ժամանակ կունենամ վերականգնվելու, բայց բժիշկներս ինձ վստահեցրին, որ դա անհնար է։ Այժմ կենտրոնանալու եմ վերականգնման և օգոստոսին կայանալիք մրցաշարերին նախապատրաստվելու վրա։
Միաժամանակ, ուրախ եմ ընտանիքիս կողքին լինելու համար և շնորհակալ, որ երկրորդ որդուս ծննդյան պահը բաց չթողնելու հնարավորության ունեմ։ Ես օգտագործում եմ այս դադարը որպես մոտիվացիա: Շնորհակալ եմ ձեր ըմբռնման և աջակցության համար, դա ինձ համար մեծ նշանակություն ունի»,- գրել է աշխարհի 11-րդ ռակետը:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնը» կանցկացվի հուլիսի 3-16-ը: Այդ մրցաշարում Կարեն Խաչանովը լավագույն արդյունքը գրանցել էր 2021-ին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։


