Logo

Կարեն Նալբանդյանի դուբլն ու ԲԿՄԱ-ի հոբելյանական գոլը. Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:24 / 18.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջնության 3-րդ տուրի հանդիպումներից հետո «Ուրարտուն» 7 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Հյուրընկալվելիս հաջողությունն ուղեկցեց միայն «Ուրարտուին», որը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը: 4 հանդիպումներում խփվեց 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,25 գոլ):

Առաջնությունում անցկացված 12 հանդիպումներում դաշտի տերերը 5 հաղթանակ են տարել, 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի, հյուրերը հաջողության են հասել 3 անգամ: Խփվել է 26 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,16 գոլ):

2. «Նոան» առաջնության 2-րդ խաղում էլ խոշոր հաշվով հաղթեց՝ կրկին 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը: Մեկնարկային խաղում Հայաստանի գործող չեմպիոնը 4-0 հաշվով հաղթել էր «Շիրակին»:

«Գանձասարի» հետ կայացած առաջնության բոլոր 4 խաղերն էլ ավարտվել են «Նոայի» հաղթանակով, որոնցից 3-ում գրանցվել է խոշոր հաշիվ: Ընդ որում միայն մրցակիցների 4-րդ խաղում գանձասարցիներին վերջապես հաջողվեց գրավել «Նոայի» դարպասը: Դա հաջողվեց Լյուկ Մերիլին: Իսկ մինչև այդ «Նոայի» դարպասը 295 րոպե շարունակ անառիկ էր գանձասարցիների համար:

3. ԲԿՄԱ-ն ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տարավ՝ խփելով Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 150-րդ գոլը: Հոբելյարը Նարեկ Ջանոյանն էր, որը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում՝ գրավելով իր նախկին թիմի՝ «Շիրակի» դարպասը:

4. Տուրում նշանակված 11մ 3 հարվածներից երկուսը չիրացվեցին: «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց «Վանի» պաշտպան Դենիս Դեդեչկոյի հարվածը, իսկ շիրակցի Սոկրատ Հովհաննիսյանը հաղթող դուրս եկավ բանակային Գրենիկ Պետրոսյանի հետ մենամարտում: «Վանի» պատմության ամենատարեց լեգեոնական Դեդեչկոն 11մ հարվածը դիպուկ իրացնելու դեպքում կդառնար նաև թիմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը:

5. Մեկամյա ընդմիջումից հետո վերադառնալով «Ալաշկերտ», Կարեն Նալբանդյանն «Արարատի» հետ խաղում դուբլ ձևակերպեց: Նրա խփած առաջին գնդակն «Արարատի» հետ առաջնության հանդիպումներում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 80-րդ գոլն էր:

Հետաքրքիր է, որ նախորդ անգամ նա ալաշկերտցիների կազմում գոլի հեղինակ էր դարձել կրկին «Արարատի» հետ խաղում՝ անցյալ տարվա մայիսի 20-ին երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը: Նալբանդյանը Լյուկ Մերիլի և Վիրժիլ Պինսոնի հետ 2 գնդակով գլխավորում է ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

6. Մոմո Տուրեն բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»՝ ընդգրկվելով ՀՀ առաջնություններում թիմի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: Գվինեացի հարձակվողն «Արարատի» դարպասը 11մ հարվածով գրավեց 23 տարեկան 216 օրականում:

Տուրեն 17 գոլով Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» պատմության գլխավոր ռմբարկուն է: Նա հավասարվեց ՀՀ առաջնություններում բոլորից շատ գոլ խփած գվինեացի ֆուտբոլիստ Մոհամեդ Յատարային, որը 2023/24թթ. առաջնությունում «Արարատ-Արմենիայում» 18 գոլի հեղինակ էր դարձել:

7. Տակուտո Օշիման առաջին գոլը խփեց Fastex Պրեմիեր լիգայում: Էդիկ Վարդանյանն էլ բացեց գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում: Մինչև այդ նա 2 գոլ էր խփել ԲԿՄԱ-ում:

8. Գրենիկ Պետրոսյանը ԲԿՄԱ վերադառնալուց հետո առաջին գոլը խփեց թիմի կազմում: Նա 17 գնդակով ԲԿՄԱ-ի պատմության գլխավոր ռմբարկուն է Fastex Պրեմիեր լիգայում:

9. Օգնյեն Չանչարևիչը հայկական ակումբներում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Սերբ դարպասապահը 192 խաղի մասնակցել է ՀՀ առաջնություններում, 15 անգամ հանդես է եկել Հայաստանի գավաթի հանդիպումներում, 43 խաղ էլ անցկացրել է եվրագավաթներում:

Այդ ցուցանիշով Չանչարևիչն այլազգի ֆուտբոլիստներից զիջում է միայն «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվային, որն ակումբային մակարդակով Հայաստանում 291 խաղ է անցկացրել:

10. Վոլոդյա Սամսոնյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 58-ում նա խաղադաշտ է դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով:

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ