Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի 23-րդ տուրում իր սաների նվազագույն հաշվով հաղթանակը «Գրանադայի» նկատմամբ։
«Մեզ համար հիմա լավագույն պահը չէ, բայց մեր թիմից ակնկալում էի լավ արձագանք և 3 միավոր։ Առհասարակ, Մադրիդ էինք վերադարձել հինգշաբթի առավոտյան (Իսպանիայի գավաթում «Ատլետիկից» կրած պարտությունից հետո), և դա մասամբ անդրադարձավ խաղացողների ֆիզիկական պատրաստությանը։ Բոլորս էլ գիտենք, որ լավագույն իրավիճակում չենք։ Մեկ շաբաթ ունենք, որպեսզի շարք վերադարձնենք դուրս մնացածներին»,- Անչելոտիի խոսքը թվիթերյան էջում ներկայացրել է El Chiringuito TV-ն։
Իտալացի մասնագետը նկատել է նաև, որ հաղթական գոլի հեղինակ դարձած Մարկո Ասենսիոն մրցաշրջանի սկզբից լավ տպավորություն է թողնում։ Իսկ Լուկա Յովիչը, ըստ մարզչի, քիչ է խաղում, որովհետև կորոնավիրուս տանելուց հետո ֆիզիկապես դեռ 100 տոկոսով պատրաստ չէ։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 53 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նրա մոտակա հետապնդողներն են համապատասխանաբար 47 և 40 միավոր ունեցող «Սևիլիան» և «Բետիսը»։ «Գրանադան» 20 թիմերի հաշվարկում 16-րդն է։