Logo

Կառլոս Ալկարասը՝ աշխարհի առաջին ռակետ. FastNews-ն ամփոփում է US Open 2025-ը

Հեղինակ
Լաուրա Կարապետյան
17:55 / 08.09.2025Թենիս
Բացառիկ
null

Տարվա վերջին «Մեծ սաղավարտի» մրցաշարն արդեն պատմություն է, հայտնի են չեմպիոնները, իսկ հիշողությունները դեռ երկար կապրեն երկրպագուների մտքերում:

Թեև շատ բան կանխատեսելի էր, US Open 2025-ը չզրկեց մեզ ոչ սենսացիաներից, ոչ էլ ուշագրավ վիճակագրությունից։ 

FastNews-ն ամփոփում է մրցաշարը:

Ալկարասի հերթական տիտղոսը և վերադարձն աշխարհի գագաթ

Տղամարդկանց մենախաղում չեմպիոնի կոչումը նվաճեց Կառլոս Ալկարասը՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը Յանիկ Սիների հետ։ Շատերը կանխատեսում էին հենց նրանց մասնակցությամբ եզրափակիչ՝ իհարկե հաշվարկից դուրս չթողնելով նաև լեգենդ Նովակ Ջոկովիչին, որը բավական լավ մրցաշար անցկացրեց, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ապագա չեմպիոնին։

Ալկարասին առանձնացնում էին ոչ միայն փայլուն մարզավիճակի ու գրեթե իդեալական խաղի համար, այլև քննարկման գլխավոր թեման նրա սանրվածքն էր: Իսպանացին Նյու Յորք էր ժամանել իր սովորական սանրվածքով, սակայն օրերից մի օր նա մարզման դուրս եկավ գրեթե սափրած գլխով: Թեման լայն արձագանք ստացավ՝ նույնիսկ երբեմն ստվերում թողնելով սպորտային իրադարձությունները։ Ասուլիսներից մեկում Ալկարասը ծիծաղելով պարզաբանեց, որ այդ ամենի «մեղավորն» իր եղբայրն է, որը մազերը կտրելիս սխալվել է, և միակ ելքը եղել է գլուխը սափրելը: Թեև նոր սանրվածքը բազմաթիվ զվարճալի մեմերի առիթ դարձավ, ինքը՝ թենիսիստը, այնքան էլ դժգոհ չէր՝ նշելով, որ իր կարծիքով՝ այնքան էլ վատ չի ստացվել: 

Իսպանացին եզրափակիչում գրեթե խնդիրներ չունեցավ, թեև մեկ սեթ, այնուամենայնիվ, զիջեց մրցակցին: Հատկանշական է, որ սա նրա միակ պարտված սեթն էր ամբողջ մրցաշարի ընթացքում: Ալկարասի առավելությունը եզրափակիչում ակնհայտ էր, Սիները հանդիպումից հետո ինքն էլ նշեց, որ Կառլոսն ավելի ուժեղ էր այդ խաղում, և որ ինքն արեց առավելագույնը, որ կարող էր: Կառլոսի խոսքով էլ սա լավագույն մրցաշարն էր, որ երբևէ անցկացրել է իր կարիերայի ընթացքում: 

Ալկարաս - Սիներ՝ ժամանակակից թենիսի նոր հակամարտությունը

Երկրպագուներն արդեն սկսում են Ալկարաս-Սիներ մրցակցությունը համեմատել Նադալ - Ֆեդերեր լեգենդար դիմակայության հետ։ Երկուսն էլ առանձնանում են փոխադարձ հարգանքով և բարեկամությամբ ինչպես կորտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Այս տարի սա նրանց երրորդ հանդիպումն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչներում։ Թենիսիստներն արդեն մեկական տիտղոս էին նվաճել: Փարիզում երկրպագուները ֆանտաստիկ քամբեքի ականատես եղան: Առաջին երկու սեթերը պարտվելուց հետո, իսկ երրորդը 3:5 (0:40) հաշվով զիջելիս Ալկարասը կարողացավ չեզոքացնել 3 մաթչ-փոյինթ ու տանել թենիսի պատմության մեջ ամենագեղեցիկ հաղթանակներից մեկը: 

Ռևանշը երկար սպասել չտվեց: Մոտ մեկ ամսից Լոնդոնում Սիներն ապացուցեց իր առավելությունը խոտածածկին՝ ոչ մի շանս չտալով մրցակցին:

Նյու Յորքում, բացի հերթական տիտղոսից, սեղանին դրված էր նաև աշխարհի աաջին ռակետի կոչումը: Հաղթելու դեպքում Յանիկը կպահպաներ այն, հակառակ դեպքում Կառլոսը կրկին կդառնար լավագույնն աշխարհում:

Եզրափակիչից առաջ Կառլոսին հարցրել էին՝ արդյոք այդ հանգամանքը հավելյալ ճնշում չի՞ գործադրում։ Թենիսիստը պատասխանել էր, որ դժվար է դրա մասին չմտածել, բայց իր խնդիրն է կենտրոնանալ խաղի վրա։ 22-ամյա իսպանացին պատրաստ էր և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, և իր խոսքերը նա վերածեց գործի՝ հաղթելով ու նվաճելով իր կարիերայի վեցերորդ «Մեծ սաղավարտը»։ Իտալացին կարողացել է կարևորագույն մրցաշարերում հաջողության հասնել 4 անգամ՝ մեկական անգամ «Ուիմբլդոնում» և US Open-ում, երկու անգամ էլ՝ Ավստրալիայում: 

Այսպիսով՝ Կառլոս Ալկարասը դարձավ ամենաերիտասարդ թենիսիստը, որը «Մեծ սաղավարտի» մեկից ավելի տիտղոս է նվաճել բոլոր երեք ծածկույթների վրա: Ալկարասը «Ռոլան Գարոսի» ավազին հաղթել է 2024 և 2025 թվականներին, ուիմբլդոնյան խոտածածկին լավագույնն է եղել 2023 և 2024 թվականներին, իսկ US Open-ի հարդի վրա նվաճել է իր կարիերայի առաջին ու դեռևս վերջին տիտղոսները (2022թ. և 2025թ.): Միակ անհասանելի տիտղոսը դեռևս մնում է Ավստրալիայի բաց առաջնությունը: 

Առջևում՝ «Մասթերսներ» և տարվա Ամփոփիչ մրցաշար

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի շրջանն ավարտված է, բայց թենիսի մրցաշրջանը դեռ շարունակվում է։ Առջևում ևս երկու Masters 1000 կարգի մրցաշարեր են Շանհայում և Փարիզում։ Իսկ տարվա Ամփոփիչ մրցաշարը կկայանա նոյեմբերի 9-16-ն Իտալիայի Թուրին քաղաքում։

Կանանց պայքարում՝ ռևանշներ և տպավորիչ քամբեքներ

Հետաքրքիր ու թեժ պայքար ծավալվեց նաև կանանց մենախաղերում: Իհարկե, այստեղ էլ կային բացահայտ ֆավորիտներ, որոնցից մեկին էլ հաջողվեց այս տարի վերջապես նվաճել «Մեծ սաղավարտի» այդքան բաղձալի տիտղոսը: 2025թ. նա արդեն հասցրել էր պարտվել Australian Open-ի և «Ռոլան Գարոսի» եզրափակիչներում, «Ուիմբլդոնում» էլ պայքարից դուրս էր մնացել կիսաեզրափակիչում: Այս անգամ Նյու Յորքի թագուհին Արինա Սաբալենկան էր: 

Մինչև եզրափակիչի մասին խոսելն անդրադառնանք կիսաեզրափակիչներից մեկին՝ Իգա Շվյոնտեկ - Ամանդա Անիսիմովա պայքարին: Շատերը կհիշեն այս տարվա «Ուիմբլդոնի» եզրափակիչը, որտեղ Իգա Շվյոնտեկը 57 րոպե տևած խաղում 6:0, 6:0 հաշվով ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարավ Ամանդա Անիսիմովայի դեմ մրցախաղում: Անիսիմովայից երկար ժամանակ չպահանջվեց սպասված ռևանշին հասնելու համար: US Open-ում թենիսիստուհիները հանդիպեցին կիսաեզրափակիչում: Ավելի վստահ տեսք ուներ Ամանդան, որը դասեր էր քաղել նախորդ պարտությունից և դա ապացուցեց կորտում: Հաղթելով Շվյոնտեկին՝ Ամանդան երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ:

Սակայն այս անգամ էլ նրա երազանքի առջև կանգնեց աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան, որին Անիսիմովան սենսացիոն կերպով դուրս էր թողել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչում:

Այսպիսով՝ ականատես եղանք խաչաձև ռևանշի, որտեղ երկու անգամ էլ ձեռնունայն մնաց Ամանդա Անիսիմովան: Թենիսիստուհին, սակայն, փայլուն մարզավիճակում է, մասնագետները չեն դադարում խոսել նրա բեքհենդի մասին, որը շատ անգամ և՛ արագությամբ, և՛ ճշգրտությամբ գերազանցում է տղամարդ թենիսիստներին: Անիսիմովան դեռ 24 տարեկան է, կարողացել է բավական երկարատև դադարից հետո վերադառնալ կորտ, այն էլ այսպիսի մարզավիճակում: Նրա համար ամեն ինչ դեռ առջևում է, և Ամանդան դեռ շատ դժվարություններ կստեղծի մրցակիցների համար:

Սա Սաբալենկայի երկրորդ անընդմեջ չեմպիոնությունն էր US Open-ում և չորրորդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Մյուս երկուսը բելառուս թենիսիստուհին նվաճել է Australian Open-ում, հետևաբար բոլոր չորս տիտղոսներն Արինան հաղթել է հենց հարդի վրա: 

Սա շատ կարևոր հաղթանակ էր Արինա Սաբալենկայի համար, քանի որ աշխարհի առաջին համարն այս տարի ի վերջո կարողացավ և՛ իրեն, և՛ մյուսներին ապացուցել, որ իրավամբ արժանի է այդ կոչմանը:  

US Open 2025-ը ցույց տվեց, որ երիտասարդ սերունդը հաստատապես եկել է մնալու։ Առջևում մեզ սպասում են թեժ պայքարներ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց թենիսում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ