
Երկու հանդիպումներով մեկնարկեց գավաթի կիսաեզրափակիչ փուլը, որի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներում հյուրերը մեկ հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 10 հանդիպումներում դաշտի տերերը 3 հաղթանակ են տարել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 4 անգամ, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
2 խաղում խփվեց 3 գոլ: Անցկացված 10 հանդիպումներում ընդհանուր առմամբ 30 գոլ է գրանցվել: Գավաթի մրցաշարի հանդիպումների միջին արդյունավետությունը բավական բարձր է՝ 3 գոլ մեկ խաղում:
2. «Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի մասնակից թիմերի մեջ: Չեմպիոնը նաև գավաթի ընթացիկ մրցաշարի ամենաարդյունավետ թիմն է՝ 3 խաղում խփելով 10 գնդակ: Ուստի պատահական չէ, որ մրցաշարի լավագույն ռմբարկուն ալաշկերտցի Արթուր Եդիգարյանն է, ում հաշվին 4 գոլ է գրանցված:

3. Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Բանանցն» առաջին պարտությունը կրեց: Մինչ այդ «Բանանցը» վերջին անգամ անհաջողության էր մատնվել գավաթի նախորդ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում՝ 0-1 հաշվով զիջելով «Փյունիկին»:
Գավաթի մրցաշարերում «Բանանցը» երկրորդ անգամ պարտվեց «Ալաշկերտին»՝ կրկին սեփական հարկի տակ զիջելով միևնույն 0-1 հաշվով: Առաջին նման պարտությունն «Ալաշկերտից» «Բանանցը» կրել էր 2015/16թթ. խաղարկության կիսաեզրափակչում՝ 2016թ. մարտի 15-ին: Այն ժամանակ պատասխան խաղում «Բանանցի» ֆուտբոլիստները հյուրընկալվելիս ռևանշի էին հասել մրցակցի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր էին նվաճել:

4. «Գանձասար-Կապանին» «Շիրակի» հետ անցկացրած գավաթային 5-րդ մրցախաղում էլ չհաջողվեց հաղթել՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք, որ գավաթային նախորդ 4 հանդիպումներից 2-ում հաղթել են գյումրեցիները, նույնքան խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կապանցիները գավաթի ընթացիկ մրցաշարում առաջին գոլը բաց թողեցին: Մինչ այդ «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը միակն էր, ով անցկացրած գավաթային նախորդ երկու խաղերում էլ դարպասն անառիկ էր պահել: Ընդհանուր առմամբ Կասպարովին հաջողվել է 221 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ պահել՝ ցույց տալով լավագույն արդյունքը:

