Կատարը փոքր պետություն է Պարսից ծոցում, որը, ինչպես Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասը, ունի հարուստ բնական պաշարներ և համաշխարհային հեղինակություն: Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն համար հետաքրքիր բան՝ բազմաթիվ զվարճանքի կենտրոններ երեխաների և մեծահասակների համար, գերժամանակակից լողափեր, որոնք հագեցած են բոլոր հարմարություններով, թանգարաններ, կոլորիտային շուկաներ և այլ հետաքրքիր վայրեր:
Կատարի գլխավոր հանգստավայրը մայրաքաղաք Դոհան է, որտեղ կենտրոնացած են Կատարի բոլոր հիմնական տեսարժան վայրերը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆոնին ձեզ համար Կատարի 10 լավագույն վայրերի կարճ ուղեցույցն ենք պատրաստել.
Դոհա քաղաք

Դոհա այցելելը պարտադիր է: Այսօր այն աշխարհի ամենաարագ զարգացող և Պարսից ծոցի ափին գտնվող ամենաբարգավաճող քաղաքներից է, իսկ արդեն որոշ ժամանակ է՝ նաև Կատարի նավթային և տնտեսական կենտրոնը։ Հսկայական երկնաքերեր, բարձրտեխնոլոգիական շինություններ, բազմաթիվ պատմական օբյեկտներ «հին կենտրոնում», ժամանցի նորագույն կենտրոններ, բուտիկներ, վիլլաներ, արհեստական կղզիներ. այս ամենը գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների, ինչի շնորհիվ երկրի տնտեսությունը տարեցտարի թափ է հավաքում։
Առափնյա Կորնիշ (Դոհա)

Մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից է Կորնիշը, որը ձգվում է Պարսից ծոցի երկայնքով։ Այստեղ՝ հենց ափին, կենտրոնացած են ամենաժամանակակից բարձրահարկ շենքերը, որոնք խորհրդանշում են Դոհայի և ընդհանուր առմամբ Կատարի տնտեսական բարգավաճումը։ Սա հեղինակավոր օբյեկտների համալիր է, որոնց կողք կողքի են գտնվում կանաչ այգիներն ու հանգստի վայրերը: Վերջին տարիներին Կորնիշը դարձել է այցեքարտ, ամբողջ Կատարի «դեմքը»։
Իսլամական արվեստի թանգարան

Իսլամական արվեստի թանգարանը երկրի գլխավոր ու միևնույն ժամանակ Պարսից ծոցի երկրների ամենամեծ թանգարանն է։ Բացի այդ, ինչպես Կատարի տեսարժան վայրերի մեծ մասը, թանգարանը շատ երիտասարդ է. այն բացվել է 2008 թվականին: Տպավորիչ է շենքի անսովոր ճարտարապետությունը. հսկայական քարե բլոկները կանգնեցված են մեկը մյուսի վերևում՝ աշտարակի տեսքով, որն արտաքուստ շեյխի շքեղ վիլլա է հիշեցնում։ Ներսում իսլամական արվեստի հավաքածու է ցուցադրված՝ կերամիկայի, տեքստիլի, ձեռագրերի և այլ իսլամական արտեֆակտների նմուշներ:
Aspire աշտարակ

Կատարի մեկ այլ տեսարժան վայր, որն արժանի է երկրի խորհրդանիշի կարգավիճակին, գտնվում է Դոհայում՝ Sports City մարզահամալիրում և կոչվում է Aspire Tower: Ջահի տեսքով աշտարակն ունի 318 մ բարձրություն, հետևաբար այն նկատելի է ցանկացած վայրից: Աշտարակն ամբողջությամբ պատված է մի քանի հազար LED լամպերով, գիշերը սկսում է փայլել այնպես, կարծես այն փաթաթված է լուսադիոդային վերմակով:
Ֆորտ Ալ Կութ (AlKoot Fort)

Չնայած այն հանգամանքին, որ Կատարի տեսարժան վայրերի մեծ մասը դեռ շատ «երիտասարդ» է, հնություն սիրողների համար էլ շատ բան կա տեսնելու: Ալ Կութը դրա հիանալի օրինակն է. շինությունը կառուցվել է նախորդ դարի վերջին, երբ Կատարի այս շրջանն օկուպացրել էր Թուրքիան։ Այդ ժամանակ ֆորտը ծառայել է որպես ոստիկանական բաժանմունք, իսկ ավելի ուշ՝ որպես բանտ։ Անցյալ դարի 20-ականներին Ալ Կութն ամբողջությամբ վերակառուցվել է, բայց երկար տարիներ ամրոցը ոչ մի կերպ չի օգտագործվել, քանի դեռ 1978 թվականին այնտեղ բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվում են ազգային արհեստների նմուշներ, պատմական լուսանկարներ և գեղարվեստական նկարներ:
Ում Սալալ Մուհամեդ

Մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ում Սալալ Մուհամեդ ամրոցը համեմատաբար փոքր ամրոց է՝ երկու աշտարակներով և վերականգնված փոքրիկ մզկիթով։ Համաձայն արձագանքների՝ Կատարի այս տեսարժան վայրը տպավորում է ոչ թե իր չափսերով, այլև աշխարհագրական դիրքով և շրջակա բնապատկերներով՝ անապատի, մաքուր լազուր ծովի ու ամրոցի հնագույն պատերի հակադրությունը յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում:
Զուբարա ամրոց

Հաջորդ վայրը, ուր կարելի է այցելել, Զուբարա ամրոցն է, որը կառուցվել է անցյալ դարասկզբին՝ որպես առափնյա պահպանության կետ: Այն լակոնիկ ոճով կառուցված ամրոց է, որն ավանդական է այս տիպի շինությունների համար. մեծ ու ավազագույն ատամնավոր պատերը պարզ և ներդաշնակ տեսք ունեն անապատային լանդշաֆտների ֆոնին: Ժամանակին բերդ-ամրոցի տեղում քաղաք էր, որը ծաղկում էր որպես մեծ առևտրի և մարգարիտների ստացման կենտրոն։ Ներկայում բերդի պարիսպների ներսում գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են լուսանկարներ բերդի պեղումներից և հնագիտական տարատեսակ գտածոներ։
Սուկ- Վակիֆ շուկա

Արևելքի ոգին զգալու համար պարտադիր է այցելել Սուկ- Վակիֆ շուկան: Այն Մերձավոր Արևելքի արևելյան շուկաներից ամենահարմարն է տուրիզմի տեսանկյունից: Իսկապես, շուկայի տարածքում կա մի ամբողջ զբոսաշրջային կենտրոն, բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ՝ ավանդական ոգով և դասական ազգային ուտեստներով: Բացի այդ, այստեղ կարելի է ձեռք բերել հուշանվերներ և ձեռագործ աշխատանքներ, մինչդեռ շուկան կազմակերպված է այնպես, որ աժիոտաժ ու կուտակումներ չլինեն։
Ազգագրական գյուղ (Դոհա)

Կատարի ազգագրական գյուղի ստեղծման հիմնական խնդիրը բնիկ ժողովրդին և երկրի հյուրերին երկրի դարավոր մշակույթին և ավանդույթներին ծանոթացնելն է: Սա իդեալական վայր է երկրի ոգին տեսնելու և նրա սովորույթներին ծանոթանալու համար: Գյուղում կարող եք գնալ պատկերասրահ՝ Կատարի նկարիչների ընտրված գործերով, այցելել ազգային խոհանոցով ռեստորան, մարգարիտներով բազմաթիվ խանութներից մեկը և նույնիսկ հանգստանալ լողափում։
Կատարի մարգարիտը՝ արհեստական կղզին

Կատարի Մարգարտի մակերեսը կազմում է ընդամենը 4 կմ/ք: Կղզին Կատարի իշխանությունների բավականին հավակնոտ նախագիծն է. այժմ կառուցվում և վաճառքի են հանվում ամենահեղինակավոր կացարանները, որը գնում են հիմնականում օտարերկրյա քաղաքացիները։ Կղզու նոր ափը ամբողջությամբ «պատված» է վիլլաներով և շքեղ բնակարաններով, լավագույն հյուրանոցներով, բուտիկներով և ռեստորաններով: Իսկ «Մարգարիտ» անվանումն առաջացել է այն պատճառով, որ ավելի վաղ կղզու տարածքում ակտիվորեն իրականացվում էր մարգարտի արդյունահանում։
Կատար փոքրիկ պետությունը, որը մի քանի տարիների ընթացքում անապատից վերածվեց դրախտի, իր արժանի տեղն է գրավում աշխարհի զբոսաշրջային քարտեզում։ Այսօր զբոսաշրջության ոլորտը երկրի տնտեսության առաջատար ուղղություններից է։ Զբոսաշրջիկներին գրավելու համար Կատարի հյուրանոցներն առաջարկում են մատչելի գներ՝ սպասարկման ամենաբարձր մակարդակով, իսկ Կատարում զբոսավարները կազմակերպում են ուսումնական ճամփորդություններ՝ ելնելով յուրաքանչյուր օտարերկրյա հյուրի անհատական հետաքրքրություններից:

.jpg)
