Logo

«Կատարյալ ապուշը». բարի ու ռոմանտիկ կատակերգություն

Հեղինակ
Ժենի Քոչարյան
18:46 / 28.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մարտի 21-ից Երևանի բոլոր կինոթատրոններում կցուցադրվի «Կատարյալ ապուշը» ռոմանտիկ կատակերգությունը: Vnewsculture-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան Տիգրան Նալչաջյանի հետ:

Նոր ֆիլմը Տիգրանը համարում է մասնագիտական առաջընթաց՝ թե՛ որպես դերասան, թե՛ որպես սցենարի հեղինակ և ռեժիսոր:

«Թվով իմ չորրորդ ֆիլմն է: Նախորդ ֆիլմերիցս շատ-շատ է տարբերվում: Ռոմանտիկ կատակերգություն է՝ ուրախ ընթացքով և ուրախ ավարտով: 12 տարեկանից բարձր հանդիսատեսի համար է նախատեսված, թեև, անկեղծ, ցանկացած տարիքի մարդ կարող է դիտել: Սահմանափակող որևէ բան չկա»,- ասում է  Տիգրանը:

Դեռ 2022 թվականին է ծնվել ֆիլմի սցենարի գաղափարը: Այսօր արդեն մեծ ուրախությամբ նշում է, որ կարողացել է ավարտին հասցնել իր մտահաղացումը և շատ շուտով հանդիսատեսը կկարողանա ֆիլմից բարության իր չափաբաժինը ստանալ:

2023 թվականի ամռանը, երբ  Տիգրանը զբաղված էր իր «Կատարյալ ապուշը» ֆիլմի նկարահանումներով, անձնական շատ մեծ կորուստ ունեցավ. մահացավ հարազատ քույրը: Դժվար ժամանակաշրջանում ստեղծագործական և դերասանական կազմի շնորհիվ կարողացավ ուժեղ լինել, վերադառնալ նկարահանման հրապարակ և ֆիլմն ավարտին հասցնել:

«Մեր երկրի համար ծանր ժամանակաշրջանում փորձել եմ  նկարահանել ֆիլմ, որը բարություն կմտցնի մարդկանց մեջ հնարավորինս շատ: Արել ենք առավելագույնը, որ հանդիսատեսը դահլիճից դուրս գալու պահին ավելի բարի լինի և բարություն անելու մղում ունենա: Ֆիլմում կան նաև  հայրենասիրական էլեմենտներ: Բացի ժամանց ապահովելուց՝  նպատակ ունենք նաև մարկանց արժեհամակարգի վրա դրական ազդեցություն ունենալ»,- անկեղծանում է ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր հերոսը Տիգրիսն է, որին մարմնավորում է Տիգրանը: Նա փորձում է փոխել աշխարհը դեպի լավը, մարդկանց միջից հանել չարությունը, ինչի արդյունքում անընդհատ ընկնում է անհավանական արկածների մեջ և հայտնվում քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում: Ֆիլմում հանդիսատեսը կհետևի նաև  սիրո  պատմության, որը տարբերվում է ստանդարտ սիրո պատմություններից: Ֆիլմի հերոսը «խենթ ու խելառ» է, բնական է՝  նրա սիրո պատմությունն էլ  յուրահատուկ է: Տիգրանը վստահեցնում է, որ ֆիլմը շատ հետաքրքիր և գունեղ ավարտ ունի:

«Կատարյալ ապուշը» ֆիլմում  նկարահանվել են Մելսիդա Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Արման Ղազարյանը, Սեպուհ Ապիկյանը, Կրիստինա Հովակիմյանը, Վահագն Գալստյանը, Սերգեյ Սարգսյանը, Օֆելյա Հարությունյանը, Արթուր Հակոբյանը, Նարեկ Մարիտոսյանը և ուրիշներ:

Լուսանկարները տրամադրել է Տիգրան Նալչաջյանը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ