Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Արարողությանը ներկա են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ոլորտի ներկայացուցիչներ, մարզասերներ:
Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մայիսի 7-ին, կավարտվի մայիսի 11-ին: Մրցաշարին մասնակցում են 54 երկրի մոտ 1000 կարատեիստներ:
Նախատեսվում է 2027 թվականին Երևանում անցկացնել նաև պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:
Մարզահամերգային համալիրում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնության ինֆորմացիոն գործընկերը «Ֆասթ Մեդիա»-ն է:


