Արմավիրի քաղաքային մարզադաշտում կայացել է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի բացման պաշտոնական արարողությունը:
Ակումբը համագործակցում է ֆրանսիական «Լանսի» հետ։ Նախագծի հեղինակը սպորտային իրավաբան Սևան Կարյանն է, որը խոսել է նորաստեղծ ակումբի կարևորության մասին։
«Անչափ ուրախ եմ: Սա մեծ օր է մեզ համար: «Սարդարապատի» բացումը մեծ նշանակություն ունի ինձ համար: Այն շատ կարևոր է հայկական ֆուտբոլի ու հայ ֆուտբոլիստների համար: Ունենք հիանալի պայմաններ ու տաղանդավոր երեխաներ: Կանենք առավելագույնը, որպեսզի նրանք հնարավորինս շուտ ցույց տան իրենց լավագույն որակները»,- ասել է Սևան Կարյանը։
Բացման արարողությանն ու համերգային ծրագրին հաջորդել են ֆուտբոլային տարբեր մրցումները: Հաղթողներին պարգևատրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշատպան Արթուր Ոսկանյանը:
Պատանի ֆուտբոլիստներից շատերը հնարավորություն կստանան մարզվել «Լանսի» ակադեմիայում: Նրանց ընտրությամբ զբաղվում է «Լանսի» ակադեմիայի տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Ասադուրյանը: Ակումբի ղեկավարները հույս ունեն, որ տարիներ անց «Սարդարապատը» հայտնի կլինի նաև եվրոպական ֆուտբոլում ու կտա կադրեր, որոնք կփայլեն նաև ազգային հավաքականում:


