Երևանում տեղի է ունեցել Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը, հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևան ժամանած «Յուվենտուսի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, այժմ ՖԻՖԱ-ի դեսպան, ֆրանսիացի Դավիդ Տրեզեգեն և Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբի` միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆոռնական:
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր ստադիոնը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության՝ 2024թ. օգոստոսի 29-ի որոշմամբ՝ հավանություն է տրվել «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերության ներդրումային ծրագրին: Ըստ այդմ՝ Ավան վարչական շրջանում մոտ երկու հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով և 1 մլրդ դրամ ներդրման պայմանով տրվել է «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությանը: «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող մոտ երկու հեկտար հողատարածքն օտարվել է ընկերությանը՝ շուկայական գնով, 10 տարի տարաժամկետ վճարման և հինգ տարում 1,2 մլրդ ներդրում կատարելու պայմանով: Վերը նշված տարածքներում հիմնվելու են «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիաները: