Logo

«Նրանք չէին ցանկանում չեմպիոն դառնալ». Կայունության հոմանիշ համարվող ակումբը որոշել է փոխել ամեն ինչ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
18:22 / 02.02.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
NBA

2022 թվականի NBA-ի տեղափոխությունների դեդլայնը խոստանում է պայթյունային լինել: Բազմաթիվ թոփ թիմեր պատրաստ են ավելի ուժեղացնել իրենց կազմը, իսկ մեծ ակնկալիքներ ունեցող, բայց մրցաշրջանի առաջին կեսում հիասթափություն ապրած ակումբները մտադիր են լուրջ փոփոխություններ կատարել՝ փլեյ-օֆֆի հեռացող գնացքի հետևից հասնելու համար: 

Այդ ամենը չի վերաբերում «Ինդիանա Փեյսերսին», որը, ինչպես միշտ, իր աշխարհում է ապրում: 21-րդ դարի ամենակայուն ակումբներից մեկը (եթե ոչ ամենակայունը) որոշել է նոր թիմ կառուցել և պատրաստ է իր բոլոր խաղացողներին հասանելի դարձնել թրեյդերի համար: Ինդիանապոլիսի թիմն այդ որոշումով կարող է փոխել NBA-ում ուժերի հարաբերակցությունը: Բայց ամեն ինչի մասին հերթով: 

Կայունության հոմանիշ

«Փեյսերսը» 1987 թվականից պատկանում է Հերբերտ Սայմոնին: 87-ամյա միլիարդատերն այս 35 տարիների ընթացքում տարբեր տեսակ թիմեր է կառուցել իր հարազատ Ինդիանայում, բայց վերջին տարիներին եկել էր կոնկրետ մեկ համոզմունքի՝ եթե Ինդիանայի պես «փոքր շուկայի» ակումբը պարբերաբար հայտնվում է NBA-ի փլեյ-օֆֆում, ուրեմն՝ կարիք չկա ռիսկի դիմելու և փոխելու այն, ինչ աշխատում է: Իհարկե, չեմպիոնության հույսով կարելի է հսկայական պայմանագրեր առաջարկել աստղերին, սակայն դա, միևնույն է, չեմպիոնության երաշխիք չի տա, բայց կարող է խորտակել ակումբը: Դրանից բացի, գրեթե բոլոր աստղերը չեն ցանկանում խաղալ «Ինդիանապոլիսում» («գրեթե»-ն այստեղ կարևոր նշանակություն ունի, ինչի մասին ավելի ուշ):

21-րդ դարում «Ինդիանան» միայն մեկ անգամ է 40 տոկոսից քիչ հաղթանակ տոնել կանոնավոր առաջնությունում (39 %), ինչպես նաև ընդամենը 2 անգամ 65 տոկոսից շատ հաղթանակի հասել: Այսինքն՝ ակումբը գրեթե միշտ 40-65 տոկոս հաղթանակների դիապազոնում է գտնվել, ինչը լիգայի լավագույն արդյունքներից է: Բայց միևնույն ժամանակ, 21-րդ դարում «Փեյսերսն» ընդամենը երեք անգամ է հայտնվել Արևելյան Կոնֆերենցիայի եզրափակիչում և բոլորում պարտվել է: Մեկը՝ 2004 թվականին «Դետրոյթին», որը հետագայում չեմպիոն դարձավ, իսկ մյուս երկուսը` 2013 և 2014 թվականներին «Մայամիին», որի կազմում փայլում էր Լեբրոն-Ուեյդ-Բոշ եռյակը: «Հիթն» այդ երկու դիմակայություններից հետո կարողացավ մեկ անգամ չեմպիոն դառնալ: 

NBA 1

Միջակ ակումբի մտածելակե՞րպ

2010 թվականին «Ինդիանան» դրաֆտում 10-րդ պիկով ընտրեց Փոլ Ջորջին, իսկ 40-րդ ընտրությամբ` Լենս Սթիվենսոնին: Այդ դրաֆտը դարձավ ակումբի պատմության լավագույններից մեկը: Երկու նորեկներին հետո թրեյդի միջոցով գումարվեց Դարեն Կոլիսոնը, իսկ հետագայում թիմին միացան նաև Դևիդ Ուեսթը, Ջորջ Հիլը և Էվան Տյորները: Հենց այս բասկետբոլիստները դարձան երկու անգամ կոնֆերենցիայի եզրափակիչ հասած թիմի կորիզը, սակայն ընդամենը երկու տարի անց այդ ուժեղ թիմից ակումբում մնաց միայն Ջորջը: Փոլը «Ինդիանայում» դարձավ NBA-ի լիարժեք գերաստղ, որը մշտապես մասնակցում է «Բոլոր աստղերի» խաղին և 29 ակումբի համար երազելի բասկետբոլիստ է: Ռեջի Միլերի ժամանակներից հետո «Ինդիանապոլիսում» այսպիսի աստղ չէր եղել: 

2014 թվականին Ջորջն ԱՄՆ հավաքականի երկկողմանի ընկերական խաղի ժամանակ ոտքի սարսափելի կոտրվածք ստացավ և բաց թողեց 1 տարի: Փոլը վերադարձավ էլ ավելի ուժեղ. 2015-16 մրցաշրջան` միջինը 23,1 միավոր և 4,1 ասիստ (կարիերայի ռեկորդներ), 2016-17 մրցաշրջան` միջինը 23,7 միավոր (կարիերայի նոր ռեկորդ): Ոչինչ չէր օգնում. երկու դեպքում էլ պարտություններ փլեյ-օֆֆի առաջին փուլում:

2017 թվականի ամռանը Ջորջը վերջնագիր ներկայացրեց ակումբին՝ կա՛մ «Ինդիանան» չեմպիոնության իրական շանսերով թիմ է կառուցում, կա՛մ նա հեռանում է: Պայմանագրի ժամկետի ավարտին մնում էր 1 տարի: 

«Այն ժամանակ NBA-ի լավագույն ծանր հարձակվողն ասաց, որ պատրաստ է տեղափոխվել «Ինդիանա» և միավորվել ինձ հետ: Դրա մասին հայտնեցի ակումբին, իսկ ինձ պատասխանեցին. «Մենք շատ փոքր շուկայից ենք, չենք կարող մեզ նման գործարք թույլ տալ»: 

Հասկանո՞ւմ եք: Նրանք չէին ցանկանում չեմպիոն դառնալ: Ես զայրացա և մտածեցի, որ «Փեյսերսում» այլևս անելիք չունեմ»,- ավելի ուշ խոստովանեց Ջորջը:

Հարձակվողի պայմանագրի ավարտին մնում էր մեկ տարի, և նրան ուղարկեցին «Օկլահոմա»` Դոմանտաս Սաբոնիսի և Վիկտոր Օլադիպոյի դիմաց: Երկուսն էլ հաջող չէին անցկացրել դրան նախորդող մրցաշրջանը, և թվում էր՝ անհաջող թրեյդ է, բայց նորեկները փայլեցին նոր թիմում: «Ինդիանան» դուրս եկավ փլեյ-օֆֆ և միայն 3:4 հաշվով պարտվեց Լեբրոն Ջեյմսի «Քլիվլենդին»: 

NBA 2

Հինգ տարի անց հակասական որոշում

2017 թվականին «Ինդիանայի» ղեկավարությունը որոշեց ռիսկի չգնալ և հանուն լիգայի «լավագույն ծանր հարձակվողի» (ըստ երևույթին` Ջորջը նկատի ուներ Էնթոնի Դևիսին) համար նոր թիմ չկառուցել: Դա, իհարկե, վիճելի դիրքորոշում է, որովհետև սպորտում հաջողության հիմնական չափանիշը հաղթանակներն են կամ գոնե դրանց ձգտումը: «Փեյսերսում» հաջողության գրավականը կայունությունն է (է՞ր): Թիմը գրեթե միշտ փլեյ-օֆֆում էր և կարող էր հավակնել երկրորդ փուլ դուրս գալուն: Իսկ այնտեղ արդեն հույսը դնում էր խաղացողներից մեկի, ենթադրենք՝ Թի Ջեյ Ուորենի կամ Կարիս Լևերտի ոգեշնչման վրա, ինչպես 2020-ի փլեյ-օֆֆում «Դենվերի» համար Ջամալ Մյուրեյը, բայց կարելի է ավելիի մասին երազել: 

Թվում էր, թե «Ինդիանան» 2022 թվականին հենց այդպիսին կլիներ: Ընթացիկ մրցաշրջանից առաջ կրկին թիմի ղեկն ստանձնեց Ռիք Կառլայլը: Մարզիչ, որ «Դալասին» դարձրեց չեմպիոն, երբ գրեթե ոչ ոք նման բան չէր սպասում: Այսպիսի մարզչի վերադարձը պետք է նոր լիցք տար թիմին, սակայն առաջնության մեկնարկից ընդամենը 1,5 ամիս անց ակումբը պատրաստակամություն հայտնեց փոխել ամբողջ կազմը: 

Ինչո՞ւ ամերիկացիները նման քայլի չգնացին ամռանը, երբ կարելի էր չզոհաբերել ընթացիկ մրցաշրջանը, արդյոք Կառլայլին հենց 1,5 ամի՞ս պահանջվեց՝ հասկանալու համար, որ այս կազմը հեռանկարային չէ, մի՞թե ամեն ինչ այնքան վատ էր, և փլեյ-օֆֆի հույս չկար: Նախորդ մրցաշրջանում «Ինդիանան» ամենաթիմային խաղ ցուցադրող երկրորդ ակումբն էր: Թիմը լիգայում երկրորդ տեղում էր ընդհանուր փոխանցումներով և ասիստներով: Մի՞թե դա բավական հիմք չէր՝ խաղային սխեման կառուցելու համար… 

«Ինդիանայի» վերակառուցման մասին լուրը հայտնի դարձավ դեկտեմբերի 7-ին: Այդ պահին թիմն ուներ 10 հաղթանակ, 16 պարտություն և Արևելքում 13-րդ տեղում էր: Իհարկե, վատ արդյունք է, բայց մրցաշարային աղյուսակում մեծ խտություն էր: Ամեն ինչ կարելի էր շտկել և անգամ բարելավել: 

«Ինդիանան» այն թիմերից մեկն է, որտեղ բոլոր բասկետբոլիստները ցանկանում են, որ իրենց փոխանակեն այլ ակումբ»,- կարծում է NBA-ի 7-ակի չեմպիոն Ռոբերտ Օրին: 

«Փեյսերսի» գլխավոր մենեջեր Քևին Պրիտչարդն ակումբի սեփականատեր Հերբերտ Սայմոնի հետ հիանալի հարաբերություններ ունի: Կարելի է պնդել, որ այդ զույգն ամենափոխըմբռնելիներից է ամբողջ լիգայում: Նրանք գրեթե երբեք տարակարծիք չեն: Դրանից էլ ավելի զարմանալի է մրցաշրջանի ընթացքում նոր թիմ կառուցելու մտադրությունը: 

NBA 3

Ովքե՞ր կարող են հեռանալ և ո՞ւր

Բնականաբար, «Ինդիանայի» ներկայիս լավագույն բասկետբոլիստը Դոմանտաս Սաբոնիսն է: Նա հիանալի մարզավիճակում է և կարողանում է գրեթե ամեն ինչ: Լիտվացին մեկ խաղում միջինը վաստակում է 19,1 միավոր, տիրում 12,1 անդրադարձի և կատարում 5 ասիստ: Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո լեգենդար Արվիդաս Սաբոնիսի որդին դեկտեմբերին ճանաչվեց Արևելքի՝ շաբաթվա լավագույն բասկետբոլիստ՝ գրանցելով 25,0+10,3+6 ցուցանիշ: Ընդ որում՝ հարձակվողը հաջող նետումներ էր կատարում 75 տոկոս ճշգրտությամբ: 

Այս ամսին արդեն Դոմանտասը փայլեց «Յուտայի» դեմ խաղում: Նա վաստակեց կարիերայի ռեկորդային՝ 42 միավոր և օգնեց իր թիմին հաղթել 125:113 հաշվով: Երկու օր առաջ հարձակվողը գրանցեց 24+18+10 և օգնեց իր թիմին հաղթել «Օկլահոմային»:

«Սաբոնիսը գազան է: Նա ինձ հիշեցրեց հաղթանակի կամքի մասին: Դոմանտասը միայնակ թռավ մրցակցի բոլոր խաղացողների կողմը և վերադարձավ գնդակը ձեռքին»,- խաղից հետո ասաց Կառլայլը:

Թվում է` Սաբոնիսի թրեյդի համար պետք է 29 թիմերից բաղկացած հերթ լինի, հատկապես նրա՝ գրեթե 20 մլն դոլար տարեկան աշխատավարձի պատճառով (շատ ցածր գին՝ լիտվացու խաղի համեմատ): Հավակնորդներ իսկապես կան, բայց լիտվացին համակարգային բասկետբոլիստ է: Իմաստ չկա նրան հրավիրելու և սահմանափակ դեր տալու: Այդ առումով լիտվացին կարծես մինի Յոկիչ լինի, որին հարկավոր է թիմի խաղի հիմքը դարձնել: Դրանից բացի, «Ինդիանան» անչափ բարձր է գնահատում Սաբոնիսին և առայժմ մերժել է թրեյդի բոլոր առաջարկները, ինչը հնարավոր փոխանակումը քիչ հավանական է դարձնում: Շատ ակտիվ է «Սակրամենտոն», որը դուրս է եկել Բեն Սիմոնսի համար թրեյդի բանակցություններից և պատրաստ է մեծ փաթեթ ներկայացնել Դոմանտասի համար:  Շատ հետաքրքիր կլիներ «Դալաս» տեղափոխությունը, որտեղ Սաբոնիսի և Դոնչիչի խաղարկած պիկ-ն-ռոլը կարող էր մահացու դառնալ: 

NBA-ում հասանելի փոխանակումների համար լավագույն փաթեթներից մեկն ունի «Գոլդեն Սթեյթը»: Օրինակ` Ուայզմենի և Կումինգայի տարբերակին «Փեյսերսը» համաձայն կլիներ, բայց արդյոք դա հարկավո՞ր է «Ուորիորզին»: Դժվար թե Սթիվ Քերը ցանկանա մրցաշրջանի ընթացքում փոխել խաղային համակարգը՝ Սաբոնիսին ներգրավելու համար: 

NBA 4

Կարիս Լևերտը կատարյալ ջոկերի դեր կարող է խաղալ գրեթե բոլոր թիմերում: Նա սովորաբար հարձակվում է մոտ 50 տոկոս արդյունավետությամբ նետումներով (ընթացիկ մրցաշրջանում 48,4%) և միջինը վաստակում 18-20 միավոր: «Ինդիանան» արդեն մյուս ակումբներին տեղեկացրել է, որ 27-ամյա բասկետբոլիստի դիմաց ցանկանում է ստանալ դրաֆտի 2 պիկ կամ 1 պիկ և 1 երիտասարդ տաղանդ: Ըստ լուրերի` Կարիսի ծառայություններով դեռևս լրջորեն հետաքրքրված է «Քլիվլենդը», որը շատերի համար անսպասելիորեն ոչ միայն փլեյ-օֆֆի գոտում է, այլ նույնիսկ Արևելյան կոնֆերենցիայի երրորդ տեղով է ընթանում: 

Մայլզ Թերները 7-րդ մրցաշրջանն է անցկացնում լիգայում և արդեն շատերի համար կանխատեսելի է: Կենտրոնականն արտակարգ է պաշտպանվում (նրա դեմ պայքարում մրցակիցները 44,1 տոկոս դեպքերում են արդյունավետ), բլոքշոթի արքան է (նախորդ մրցաշրջանի առաջատարը), բայց հարձակման մեջ հաճախ թերանում է: Բայց ճիշտ է՝ նա աշխատում է այդ ուղղությամբ: Նոյեմբերին «Նիքսի» դեմ խաղում նա իր կարիերայի ռեկորդային` 7 արդյունավետ նետում կատարեց: Այդուհանդերձ, հենց հարձակման գծում Մայլզի դանդաղկոտությունը թույլ չի տալիս թիմին ժամանակակից` գերարագ բասկետբոլ խաղալ, ինչի համար կարծես թե իդեալական կազմ է հավաքվել:

«Ակնհայտ է, որ «Ինդիանայում» ինձ ընդամենը գերագնահատված երկրորդական դերի խաղացող են համարում: Բայց ես ինձ ավելի բարձր եմ դասում»,- Թերներն այդ խոսքերն ասաց նրան տրանսֆերային շուկա հանելու մասին լուրից 2 օր հետո: Ակնհայտ է, որ նա երկար չի մնա ակումբում: 

Աստղային խաղացողներից քիչ են շշուկները Մալկոլմ Բրոգդոնի և Թի Ջեյ Ուորենի մասին: Միգուցե հենց նրանց են համարում թիմի ապագան: Շատ բան հայտնի կդառնա փետրվարի 10-ին` փոխանակումների վերջնաժամկետի օրը: Հիմա «Ինդիանան» 18 հաղթանակ և 33 պարտություն ցուցանիշով նույն 13-րդ տեղում է: Ակումբն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ բասկետբոլիստները խաղան պայմանագրերի համար, այլ ոչ թե թիմի: 

Ինդիանապոլիսում «Գեյնբրիջ Ֆիլդհաուսը» NBA-ի լավագույն երկրպագուներով արենաներից մեկն է: Այդ արենան շատ բան է տեսել, և երկրպագուներն իրենց թիմին այնքան են սիրում, որ քիչ հաղթանակների այս փուլին էլ կդիմանան: Բայց ակումբի և երկրպագուների միասնականության մեջ 2017 թվականից հետո առաջին անգամ պառակտում է սպասվում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա