Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի վիճակահանության զամբյուղում, գլխավոր երվագավաթի օրհներգը նորից կհնչի «Օլդ Թրաֆորդում», «Մանկունիանցիները» կրկին կմրցեն եվրոպական ուժեղագույն ակումբների դեմ: Այո՛, սա առաջին դեպքը չէ, երբ Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվում է լավագույն քառյակում, բայց կա տպավորություն, որ լեգենդար շոտլանդացու հեռանալուց հետո սա ուժեղագույն «Յունայթեդն» է՝ ամուր ու կայուն թիմ, որը դեռ նոր-նոր է սկսում քայլեր կատարել դեպի ամենամեծ բարձունքներ:
VNews-ն ամփոփում է Անգլիայի 20-ակի չեմպիոնի անցկացրած մրցաշրջանն ու գտնում այն գործոնները, որոնց շնորհիվ Էրիկ տեն Հագը կարողացավ կերպարանափոխել թիմը:
Ռոնալդուի «ճգնաժամը» հաղթահարվեց
Տեն Հագի առջև դրված բազմաթիվ մարտահրավերներից առաջինը Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված ճգնաժամային իրավիճակին ճիշտ լուծում տալն էր: Շատերը կարծում էին, որ պորտուգալացի հարձակվողը պետք է հեռանա՝ օգնելով թիմին նոր փուլ սկսել ավելի երիտասարդ ֆուտբոլիստների օգնությամբ, շատերն էլ պնդում էին, որ ՄՅՈւ-ի հանդերձարանին հենց Ռոնալդուի նման չեմպիոն է պետք, և որ պորտուգալացին դեռ ասելիք ունի առաջիկա 1-2 մրցաշրջանում:
Հոլանդացի մասնագետը կամային հատկանիշներ դրսևորեց և կայացրեց վերջնական որոշում Ռոնալդուի ապագայի վերաբերյալ: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ամռանը ցանկանում էր հեռանալ անգլիական ակումբից և տեղափոխվել թիմ, որը խաղալու էր Չեմպիոնների լիգայում: Նա ակումբին միացավ ուշացումով՝ միջմրցաշրջանի մեկնարկից շաբաթներ անց: Եթե շատ մարզիչներ կմնային Ռոնալդուի նման հեղինակության ստվերում, ապա Տեն Հագի դիրքորոշումը հստակ էր. նա որոշեց ձերբազատվել աստղային ֆուտբոլիստից մրցաշրջանի ընթացքում:
Կրիշտիանուն մրցաշրջանի առաջին հատվածում չէր ստանում կայուն խաղաժամանակ՝ չնայած, որ քիչ էլ չէր խաղում: Այդուհանդերձ՝ Ռոնալդուն հեռացավ իր սրտի ակումբից բավականին վատ նոտայով՝ քննադատելով ակումբին, ղեկավարությանը, աշխատակիցներին...
Ժամանակը ցույց տվեց, որ Տեն Հագը չսխալվեց: Թիմում խաղային բալանսը վերականգնվեց, հանդերձարանում էլ՝ առողջ մթնոլորտը:
Ամուր պաշտպանությունն ու վստահ Դե Խեան
Նախորդ մրցաշրջաններում «Յունայթեդը» ոչ մի կերպ չէր կարողանում ամուր պաշտպանություն կառուցել՝ չնայած բազմաթիվ տրանսֆերներին: Էրիկ Բային չաշխատեց Ժոզե Մոուրինյոյի թիմում, Վիկտոր Լինդելյոֆը փայլում է փոխանցումներով, բայց այդպես էլ չհաստատվեց մեկնարկային կազմում, Հարի Մագուայրը դարձավ պատմության ամենաթանկարժեք պաշտպանը, բայց նրա մասնակցությամբ մեմերն ավելի շատ են, քան դրական գործողությունները, Ռաֆայել Վարանն էլ «Օլդ Թրաֆորդում» իր առաջին մրցաշրջանում չկարողացավ իր լավագույն որակները ցույց տալ ու գտնել իդեալական զույգի կենտրոնում:
Ավարտված մրցաշրջանից առաջ Տեն Հագի գլխավոր պահանջներից մեկը Լիսանդրո Մարտինեսի ձեռքբերումն էր: Մարտինեսին նա շատ լավ ճանաչում էր դեռ «Այաքսում» աշխատելու տարիներից, գիտեր՝ ինչ որակներ ունի արգենտինացին, նրա՝ տարբեր դիրքերում խաղալու հատկանիշները: Շատերն էին թերահավատորեն մոտենում Մարտինեսի տրանսֆերի նպատակահարմարությանը՝ հաշվի առնելով կենտրոնական պաշտպանին ոչ բնորոշ ցածրահասակ լինելու հանգամանքը:
Բայց Տեն Հագը գիտեր՝ ինչպես պետք է օգտագործեր Լիսանդրոյին, ու այս դեպքում էլ ժամանակն արդարացրեց 53-ամյա մասնագետի որոշումը: Մարտինեսն առաջին իսկ շաբաթներին տպավորեց: Առաջինը՝ նրա խաղն էր գնդակով (փոխանցումների 87 տոկոս ճշգրտություն), մինչդեռ պաշտպանողական ցուցանիշներով նա մինչև վնասվածք ստանալը լավագույններից էր Պրեմիեր լիգայում. մենապայքարներում ամենամեծ թվով հաղթանակը (179), խլումների թվով լավագույնը (267) ու հաջող սահանկումների քանակով առաջինը (49): Ցածրահասակ լինելու հանգամանքը Մարտինեսը կոմպենսացնում է հենց այս ցուցանիշներով:
Արգենտինացի պաշտպանը դարձավ նաև այն եզակի պաշտպաններից, որոնք ստանում են «Սըր Մեթ Բասբիի» մրցանակը (թիմի երկրպագուների քվեարկության արդյունքում ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը)՝ Գարի Պալիստերից, Գաբրիել Հայնցեից, Նեմանյա Վիդիչից ու Լյուկ Շոուից հետո:
Պետք է առանձնահատուկ ընդգծել նաև Դավիդ դե Խեայի հրաշալի խաղը: Իսպանացի դարպասապահը նվաճեց «Ոսկե ձեռնոց» մրցանակը՝ սեփական դարպասն անառիկ պահելով 17 խաղում:
«Կայզերմիրոյի» տրանսֆերը
«Յունայթեդը» հրաշալի կազմ ուներ նաև նախորդ մրցաշրջանում, բայց կար դիրք, որտեղ ակնհայտորեն համալրում էր հարկավոր: Խոսքը, իհարկե, հենակետայինի գոտու մասին է, որտեղ խաղում էին միայն Սքոթ Մաքթոմինեյը և Ֆրեդը: Տեն Հագը գիտակցում էր, որ միայն նրանց հետ հնարավոր չէ երկարաժամկետ ծրագրեր կազմել ու հավակնել մեծ տիտղոսների:
Հոլանդացին թիրախավորեց այդ դիրքում լավագույններից մեկին, եթե ոչ լավագույնին՝ «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյին: Իհարկե՝ նրա տրանսֆերի վերաբերյալ նույնպես կային կասկածներ՝ հաշվի առնելով այն, որ Կազեմիրոն «Ռեալում» հաղթել է հնարավոր բոլոր մրցանակները և կար հագեցածության վտանգ: Բայց բրազիլացին ապացուցեց, որ դեռ հաղթանակների քաղց ունի և որ ցանկանում է նվաճել նաև Անգլիան:
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանն այնքան էլ հաջող չսկսեց, բայց երբ եկավ Կազեմիրոն, ամեն ինչ կտրուկ փոխվեց: 31-ամյա ֆուտբոլիստը «ցեմենտեց» կենտրոնը՝ խլելով գնդակներ, զսպելով գրոհներ, դրանից բացի, նա թիմում ստացավ նոր դեր ու սկսեց ավելի մեծ ներգրավվածություն ունենալ գրոհներում: Եթե «Ռեալում» դրա կարիքը չկար՝ հաշվի առնելով Լուկա Մոդրիչի ու Տոնի Կրոսի ներկայությունը, ապա մանչեսթերյան ակումբում Կազեմիրոն սկսեց խաղալ ավելի մեծ ազատությամբ, ինչը շատ էր օգնում ՄՅՈւ-ին, քանի որ բրազիլացին տիրապետում է հրաշալի փոխանցումների ու հարվածների:
Անգլիական գրանդում Կազեմիրոն դարձավ ամբողջական կիսապաշտպան, իր հաղթողի հոգեբանությամբ վարակեց թիմակիցներին ու ստացավ նոր մականուն՝ «Կայզերմիրո»:
Թիմը վերջապես ստացավ խաղային դիմագիծ
Այն, ինչ չէր հաջողվում «Յունայթեդի» մյուս մարզիչներին, հաջողվեց Տեն Հագին: Լուի վան Գալը, Ժոզե Մոուրինյոն ու Օլե Գունար Սուլշերը կարողացան որոշակի արդյունքներ ապահովել թիմի համար, ունենալ լավ մրցաշրջաններ, բայց նրանց չէր հաջողվում հստակ խաղաոճ ու ձեռագիր հաղորդել թիմին, իսկ Տեն Հագը վերջապես ներդրեց այդ ձեռագիրը, ու այժմ «Յունայթեդը» խաղում է ճանաչելի ֆուտբոլ:
«Մանկունիանցիները» անցնող խաղերի հետ ավելի դոմինանտ դարձան խաղադաշտում՝ ունենալով գնդակի վերահսկողության զգալի առավելություն: Գրոհները սկսեցին ավելի հետաքրքիր ու ոչ ստանդարտ դառնալ, ինչի շնորհիվ թիմի խաղին հետևելը հաճույք էր: Անհատապես ուժեղացան ֆուտբոլիստներ, որոնք նախորդ մրցաշրջանում այնքան էլ լավ չէին խաղում՝ Լյուկ Շոուն, որը մեծ հաջողությամբ անհրաժեշտության դեպքում խաղում էր պաշտպանության կենտրոնում, Ջեյդոն Սանչոն, որը սկսեց իրեն ավելի հարմար զգալ Տեն Հագի խաղային համակարգում, Ռաֆայել Վարանը, որն էլ գտավ իր համար հրաշալի ու փոխլրացնող խաղընկեր՝ ի դեմս Լիսանդրո Մարտինեսի:
Բացի խաղաոճից, Տեն Հագը նաև արդյունքներ ապահովեց թիմի համար ու գրանցեց ավելի լավ մեկնարկ, քան Յուրգեն Կլոպը, Պեպ Գվարդիոլան, Ալեքս Ֆերգյուսոնը և Ժոզե Մոուրինյոն՝ չնայած, որ թիմն առաջին 2 տուրում 2 պարտություն էր կրել:
Այդ երկու հանդիպմանը հաջորդած 27 խաղում թիմը տարավ այնքան հաղթանակ (20), որքան դրան նախորդած 49 խաղերում: «Յունայթեդի» ղեկին իր առաջին 25 խաղում Տեն Հագը գրանցեց հաղթանակների 72 տոկոս ցուցանիշ, որով գերազանցեց Թոմաս Տուխելին (68%), Խոսեպ Գվարդիոլային, Միկել Արտետային (երկուսն էլ՝ 56%), Յուրգեն Կլոպին (52%) ու Անտոնիո Կոնտեին (51%):
Տեն Հագը 6 տարվա դադարից հետո «Յունայթեդի» համար տիտղոս նվաճեց՝ հաղթելով Անգլիական լիգայի գավաթը:
Վերածնված Ռեշֆորդը
2021/22 մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը հիասթափեցրեց բոլորին: Նա 32 խաղում խփեց ընդամենը 5 գոլ: Պատճառները տարբեր էին. անգլիացի հարձակվողն ուներ ուսի վնասվածք, դրանից բացի էլ թիմը լավ վիճակում չէր:
Բայց այս մրցաշրջանը Ռեշֆորդի համար այլ պատմություն է: Անհատական մարզումների ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ նա ձեռք բերեց օպտիմալ մարզավիճակ ու վերադարձրեց գոլային հոտառությունը: Տարբերությունն ակնհայտ է՝ 30 գոլ ու 11 գոլային փոխանցում: Ընդ որում՝ Ռեշը խփում էր կարևոր գոլեր՝ թոփ թիմերին: Այս մրցաշրջանում նա գրավել է «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Տոտենհեմի» դարպասներն ԱՊԼ-ում, Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում՝ «Նյուքասլի» դարպասը, ինչպես նաև «Բարսելոնայի» դարպասը՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում:
«Յունայթեդի» խաղաոճն էլ օգնեց Ռեշֆորդին վերագտնել իր լավագույն մարզավիճակը: Կազեմիրոն, Քրիստիան Էրիկսենը և Բրունու Ֆերնանդեշը միջին ու հեռու տարածություններից այնպիսի փոխանցումներ են կատարում մրցակցի կիսադաշտ, որ անգլիացուն մնում է միայն բացել իր արագությունը, հայտնվել հարվածային դիրքում ու գրավել մրցակցի դարպասը:
«Յունայթեդին», այնուամենայնիվ, համալրումներ անհրաժեշտ են, առաջին հերթին՝ հարձակման կենտրոնում: Դեռ պարզ չէ նաև Դավիդ դե Խեայի ապագան, թիմը փնտրում է նաև եզրային պաշտպանի: Բայց մի բան հստակ է՝ այս թիմը հզորանալու ճանապարհին է, պայքարելու է Պրեմիեր լիգան հաղթելու համար ու վերադարձել է Չեմպիոնների լիգա՝ այնտեղ, որտեղ այս ակումբը պետք է լինի: