Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանում բրիտանացի Քեմերոն Նորիի (30-րդ ռակետ) նկատմամբ հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։
«Իսկապես ուրախ եմ ու հպարտ, թե ինչպես գլուխ հանեցի դժվար պահերին ու լարված դրվագներում։ Շատ ծանր հանդիպում էր՝ հատկապես առաջին շրջանի համար։ Քեմերոնը որոշակի նահանջ է ունեցել վարկանիշային աղյուսակում, բայց նա միշտ լավն է և ուժեղ մրցակից»,- աշխարհի 17-րդ ռակետի խոսքը մեջբերում է Eurosport-ը։
Հիշեցնենք, որ 2 ժամ 24 րոպե տևողությամբ մրցախաղում Խաչանովը հաղթել էր 7-5, 7-6 (7-3) հաշվով։ Երկրորդ շրջանում նա ապրիլի 10-ին կմրցի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (22-րդ ռակետ) հետ:


