Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո ամփոփել է ելույթները և շնորհակալություն հայտնել իրեն աջակցած երկրպագուներին:
«Տպավորությունները միշտ հակասական են լինում, երբ այսպիսի մրցաշարերում այսքան հեռու ես գնում։ Շատ գոհ եմ ու հպարտանում եմ գրանցած արդյունքով։ Երկրորդ անգամ անընդմեջ հասա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ուժեղ պայքար մղեցի։
Մրցաշարի մեկնարկում մարզապալատում մեծամասամբ ավելի շատ երկրպագում էին մրցակիցներիս, բայց քառորդ եզրափակիչում ու կիսաեզրափակիչում աջակցությունը գրեթե հավասար էր։
Գնահատում եմ այդ պահերը ռուս և հայ երկրպագուների հետ: Շնորհակալ եմ դրոշներով ինձ աջակցած երկրպագուներին։ Շատ լավ աջակցություն զգացի այստեղ:
Հենց առաջ ես գնում, ցանկացած պարտված հանդիպում ամոթալի է լինում, բայց հասկանում ես, թե որն էր սխալը, ինչը պակասեց, որ պահերին պետք է ավելացնել, կատարելագործել։ Ես դրան արդեն դրական կողմից եմ նայում, որ պետք է ևս մեկ քայլ անեմ։
Երկու կիսաեզրափակիչ, ես ավելին եմ ուզում, հասկանում եմ, որ ամեն ինչ իմ ձեռքում է։ Կշարունակեմ ավելացնել ու գլուխս բարձր առաջ շարժվել»,- աշխարհի 20-րդ ռակետի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 26-ամյա Խաչանովը կարիերայում առաջին անգամ խաղաց Australian Open-ի կիսաեզրափակիչում: «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարում անընդմեջ նա հասել էր կիսաեզրափակիչ։ US Open-2022-ում 26-ամյա ռուսաստանցին եզրափակիչի ուղեգրի համար պայքարում պարտվել է նորվեգացի Կասպեր Ռուդին։
Կարեն Խաչանովն Australian Open-ի 1/16 և 1/8 եզրափակիչի մրցախաղերում հաղթելուց հետո աջակցել էր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին՝ գրառում կատարելով տեսախցիկին։


