Logo

Խաչանովը նշել է ընթացիկ մրցաշրջանի ամենահիշարժան մրցախաղը

11:41 / 26.06.2023Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր մասնակցությամբ ամենահիշարժան մրցախաղը կայացել է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում, որտեղ չորս սեթում 6-3, 6-4, 3-6, 7-6 (11-9) հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տյաֆուին:

«Սկզբում հասկանում էի, որ դժվար մրցախաղ է լինելու, թեև մինչև այդ հաղթել էի Ֆրենսիսին։ Տեխնիկապես և հոգեբանորեն նա շատ ուժեղ է։ Պարզ էր նաև, որ եթե երրորդ շրջանում հաղթեմ, ապա շատ լավ ցանցում եմ հայտնվելու։ Մրցակիցը նույնպես դա հասկացել էր: Ուստի պայքարեցինք մեր հնարավորությունների սահմանում, մրցախաղը շատ համառ ստացվեց։

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ թենիսի երկրպագուների մտքում ուզում եմ լինել մարզիկ, որը միշտ պայքարում է մինչև վերջ։ Կարծում եմ՝ իմ կամային որակները բնածին են։ Քրտնաջան աշխատում եմ, որպեսզի երբեք չհանձնվեմ, առաջին հերթին՝ հոգեբանորեն: Եթե ​​դուք ներքուստ վստահ եք ինքներդ ձեզ վրա, փորձում եք ցույց տալ ձեր լավագույն խաղը՝ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում մրցախաղը։ Նույնիսկ, եթե երկու սեթ պարտված ես լինում»,- աշխարհի 11-րդ ռակետի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա թենիսիստն Ավստրալիայի բաց առաջնությունում հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչանովը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ