«Բորնմութի» գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի արտագնա խաղում դուբլ գրանցելուց հետո գրառում է կատարել ինստագրամյան էջում` շնորհակալություն հայտնելով աջակցության և գնահատանքի բազմաթիվ հաղորդագրությունների համար: Դրամատիկ խաղում Անգլիայի գործող չեմպիոնը հաղթել էր 4-2 հաշվով:
««Էնֆիլդի» անցած գիշերն ընդմիշտ կմնա ինձ հետ՝ ոչ թե մեկ մարդու խոսքերի պատճառով, այլ ամբողջ ֆուտբոլային ընտանիքի միասնականության շնորհիվ։
Իմ թիմակիցներին, որոնք աջակցեցին ինձ այդ պահին, մրցակցի խաղացողներին ու երկրպագուներին, որոնք ցույց տվեցին իրենց իրական բնավորությունը, Պրեմիեր լիգայի պաշտոնյաներին, որոնք պրոֆեսիոնալ կերպով կառավարեցին խաղը՝ շնորհակալություն։ Ֆուտբոլը ցույց տվեց իր լավագույն կողմը, դա ամենակարևորն էր։
Ահա թե ինչու եմ ես խաղում՝ նման պահերի, իմ թիմակիցների, բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, թե ինչ կարող է լինել այս գեղեցիկ խաղում:
Ֆուտբոլային աշխարհի տարբեր ծայրերից եկող ահռելի աջակցության հաղորդագրությունները հիշեցնում են ինձ, թե ինչու եմ սիրում այս սպորտաձևը։ Մենք շարունակում ենք առաջ շարժվել միասին»,- գրել է Սեմենյոն:
Հանդիպման մրցավար Էնթոնի Թեյլորն առաջին կեսում դադարեցրել էր խաղը, քանի որ տրիբունայից Անտուան Սեմենյոյի հասցեին ռասիստական վիրավորանք էր հնչել: Կարճ ժամանակ անց հանդիպումը շարունակվել էր: Տարբեր աղբյուրներ պնդում են, որ երկրորդ խաղակեսի մեկնարկում ստադիոնից հեռացվել է անվասայլակով տղամարդը, որը ռասիզմ էր դրսևորել «Բորնմութի» ֆուտբոլիստի նկատմամբ:


