Logo

Կհաջողվի՞ Օգնյեն Չանչարևիչին համալրել Սերգեյ Զատիկյանի անվան խորհրդանշական ակումբը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
09:08 / 13.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆուտբոլում երկրպագուների ուշադրության կենտրոնում հատկապես ռմբարկուի հատկանիշներով օժտված ֆուտբոլիստներն են, որոնց գնահատում են խփած գոլերի քանակով: Դարպասապահների համար էլ հուսալիության հիմնական ցուցանիշը դարպասն անառիկ պահած խաղերի քանակն է: Հարկ է նշել, որ Հայաստանի առաջնությունների բարձր արդյունավետության պայմաններում դարպասապահներին այնքան էլ հեշտ չէ դարպասն անառիկ պահելը:

Դա է վկայում այն փաստը, որ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ ընդամենը երկու դարպասապահի՝ Գևորգ Կասպարովին ու Հարություն Աբրահամյանին է հաջողվել 100-ից ավելի «չոր» հանդիպումներ անցկացնել: Իսկ պաշտոնական մրցումներում նման ցուցանիշ գրանցած դարպասապահների թիվն ընդամենը 5-ն է, որոնք ընդգրկված են հայկական ֆուտբոլի անվանի դարպասապահներից մեկի՝ Սերգեյ Զատիկյանի անունը կրող ակումբում:

Խորհրդանշական այդ ակումբը հիմնադրվել է 1999թ.: Առաջինն այդ ակումբում ընդգրկվել է «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանը՝ 1999թ. հուլիսի 18-ին Աբովյանի Քաղաքային մարզադաշտում «Երևանի» հետ կայացած առաջնության խաղում պաշտոնական մրցումներում 100-րդ անգամ դարպասը պահելով անառիկ:

Դա Հայաստանի առաջնություններում Աբրահամյանի 81-րդ «չոր» խաղն էր: 12 անգամ նա դարպասն անառիկ էր պահել ՀՀ գավաթի մրցաշարերում, 4 անգամ՝ Եվրագավաթներում, 2՝ Հայաստանի ազգային հավաքականում, մեկ խաղում էլ գոլ բաց չէր թողել ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» խաղարկություններում: Նման ցուցանիշ գրանցելու համար փորձառու դարպասապահից 9 տարի պահանջվեց:

2 տարի անց՝ 2001թ. նոյեմբերի 17-ին «Դինամոյի» հետ մրցավեճում Երևանի «Արաքսում» հանդես եկող Հարություն Աբրահամյանը Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 100-րդ «չոր» խաղն անցկացրեց, ինչը ռեկորդային ցուցանիշ էր:

Այդ տարի Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում ևս մեկ նշանակալի իրադրձություն տեղի ունեցավ: Մայիսի 23-ին «Արաքսի» հետ առաջնության խաղում «Շիրակի» դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը պաշտոնական մրցումներում 100-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և դարձավ ակումբի 2-րդ անդամը:

5 տարի անց ակումբի շարքերը համալրեց «Շիրակի» մյուս դարպասապահը՝ Ռայմոնդ Զադուրյանը, որը 2006թ. ապրիլի 14-ին «Միկայի» հետ առաջնության մեկնարկային խաղում պաշտոնական մրցումներում 100-րդ անգամ դարպասն անառիկ պահեց:

Հաջորդ համալրմանը հարկ եղավ սպասել 6 տարի: 2012թ. սեպտեմբերի 2-ին Երևանում «Գանձասարի» հետ կայացած առաջնության մրցավեճում «Միկայի» դարպասապահ Գևորգ Կասպարովը պաշտոնական մրցումներում 100-րդ չոր» խաղն անցկացրեց:

Փորձառու դարպասապահից 3 տարի պահանջվեց Հարություն Աբրահամյանին շրջանցելու ու Սերգեյ Զատիկյանի անվան ակումբը գլխավորելու համար: Դա տեղի ունեցավ 2015թ. նոյեմբերի 7-ին իր նախկին թիմի՝ «Միկայի» հետ կայացած առաջնության 13-րդ տուրի խաղում, որում «Ալաշկերտի» դարպասապահ Կասպարովը գոլ բաց չթողեց՝ ընդհանուր առմամբ պաշտոնական մրցումներում 130-րդ անգամ դարպասը պահելով անառիկ: 

Հաջորդ տարի «Ալաշկերտի» 36-ամյա դարպասապահը ևս մեկ ինքնատիպ նվաճման հասավ: Օգոստոսի 21-ին «Բանանցի» հետ մրցավեճում Գևորգ Կասպարովը ՀՀ առաջնություններում 104-րդ անգամ դարպասը պահելով անառիկ, գերազանցեց Հարություն Աբրահամյանի մեկ այլ ռեկորդային ցուցանիշը:

Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում առայժմ վերջին համալրումը տեղի է ունեցել 2023թ. մարտի 16-ին: «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը ԲԿՄԱ-ի հետ Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում դարպասն անառիկ պահելով, պատմական նվաճման հասավ: Դա հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում Բեգլարյանի 100-րդ «չոր» հանդիպումն էր, որի շնորհիվ նա ընդգրկվեց Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում՝ դառնալով ընդամենը 5-րդ անդամը: Այդ ցուցանիշին հասնելու համար 30-ամյա դարպասապահից պաշտոնական 230 խաղ պահանջվեց:

Արսեն Բեգլարյանն ակումբի միակ գործող անդամն է և լավ հնարավորություն ունի բարելավելու դիրքերը: Նա կարող է դառնալ ՀՀ առաջնություններում 100 «չոր» խաղի սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ դարպասապահը:

Իսկ ինչպիսի՞ն են Սերգեյ Զատիկյանի անվան ակումբի շարքերը համալրելու հեռանկարները: Ընթացիկ առաջնության մասնակիցներից լավագույն ցուցանիշն ունի «Նոայի» 35-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, որն ակումբի հաշվարկով 84 «չոր» խաղ է անցկացրել: Սերբ դարպասապահը ՀՀ առաջնություններում 69 անգամ է դարպասն անառիկ պահել, գավաթի մրցաշարերում 5 խաղում գոլ բաց չի թողել, 10 «չոր» հանդիպում էլ անցկացրել է Եվրագավաթներում: Իսկ ահա ազգային հավաքականում Չանչարևիչին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում դարպասն անառիկ պահել: Եթե նա հաջորդ մրցաշրջանում էլ շարունակի ելույթները, ապա մեծ հավանականությամբ կընդգրկվի Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում՝ դառնալով այլազգի առաջին դարպասապահը:

Երկրորդ ցուցանիշն ունեցող Անատոլի Այվազովը պաշտոնական 63 խաղում գոլ բաց չի թողել: Նրա համար անչափ դժվար կլինի ակումբում ընդգրկվելը, քանի որ վերջին տարիներին բավարար խաղաժամանակ չի ստանում:

FastNews-ը ներկայացնում է Սերգեյ Զատիկյանի անվան խորհրդանշական ակումբի անդամների ցուցանիշները: Հիշեցնենք, որ ակումբի անդամ կարող են դառնալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), Եվրագավաթների (Ե) և ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում, ինչպես նաև Հայաստանի ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում ընդհանուր առմամբ 100 և ավելի խաղում դարպասն անառիկ պահած դարպասապահները:

Դարպասապահներ

Ա

Գ

Ս

Ե

ԱՀ

ԵՀ

ԱՊՀ

ԸՆԴ

1. Գևորգ Կասպարով

123

20

2

8

9

-

1

163

2. Հարություն Աբրահամյան

103

14

-

5

6

-

1

129

3. Ռայմոնդ Զադուրյան

89

27

-

-

-

-

1

117

4. Արսեն Բեգլարյան

90

11

-

4

5

4

-

114

5. Արթուր Հովհաննիսյան

85

14

1

2

-

-

-

102

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ