Հայկական երաժշտական ակադեմիան ներկայացնում է նոր նախագիծ՝ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։ Այն հայկական երաժշտական ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ոչ միայն մասնակցելու երաժշտական ակադեմիայի կայացման բուն գործընթացին, այլև գնահատվելու և առաջադրվելու որպես մրցանակի հավակնորդ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ներկայացված է 19 անվանակարգ։ Հաղթողներին կորոշեն ակադեմիայի անդամները։ Հաղթողները կստանան «Խազ» մրցանակը։ Հեղինակը Նուռն է։ Մրցանակն ամբողջությամբ բնական նյութերից է։ Նուռն օգտագործել է մի քանի մետաղ և ապակի։ Մրցանակը նաև շարժվում է։ Այն խորհրդանշում է տեղում չդոփելն ու անընդհատ առաջ քայլելը։

«Խազերը» կանցկացվի միջազգային մրցանակաբաշխության ձևաչափով։ Միջոցառումը կմեկնարկի կարմիր գորգի արարողությամբ։ «Տասնյակ տարիներ աշխատելով ոլորտում՝ հասկացանք, որ եկել է երաժշտական ակադեմիա ունենալու ժամանակը, որը կընդգրկի պրոդյուսերների, կոմպոզիտորների և գործիքավորողների, որոնք կհամախմբվեն մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Նոր բան չենք հորինել։ Երաժշտական ակադեմիաներ կան բոլոր երկրներում։ Վառ օրինակը «The Recording Academy»-ն է, որը կազմակերպում է «Գրեմմին»։ Եվ մենք այդ օրինակով կազմակերպում ենք «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։ Կարծում եմ՝ հաջողել ենք, քանի որ կարողացանք կարճ ժամանակում մեր ընկերներին ու գործընկերներին համախմբել այս միջոցառման շուրջ», - նշել է Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի համահիմնադիր Վազգեն Պողոսյանը։

«Խազեր» հայկական Երաժշտական մրցանակաբաշխության հաղորդավարներն են Ավետ Բարսեղյանը, Արփի Գաբրիելյանը, Ներսես Ավետիսյանը և Արսեն Գրիգորյանը: «Շատ հաճելի էր, որբ Վազգենից ստացա զանգը և իմացա, որ բեմը պետք է կիսեմ նման տաղանդավոր և պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ Շատ պարտավորեցնող է։ Ուրախ եմ, որ վերջապես ստեղծվել է Հայկական ազգային երաժշտական ակադեմիա։ Դրա կարիքը կար, քանի որ այսօր ոլորտը հագեցած է ոչ այդքան բարձրակարգ երաժշտությամբ։ Պետք է տարբերակենք լավն ու վատը։ Այդ հարցում իր գործուն մասնակցությունը կունենա երաժշտական ակադեմիան», - անկեղծացել է Արփին։

Մրցանակաբաշխության ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը և Արթուր Մանուկյանը։ ««Խազեր» մրցանակաբաշխությունը բոլորիս կյանքում դառնալու է հաճելի և գեղեցիկ երևույթ, որին տարեցտարի ձգտելու են շատ արտիստներ։ Նախկինում ունեցել ենք Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, բայց այն չի եղել այս ձևաչափով։ Եթե այնտեղ 1 կամ մի քանի մարդ էր կազմակերպում ամբողջը, ապա այստեղ ներառված է ակադեմիայի 300 անդամ։ Սա առաջին մեծամասշտաբ և նոր ձևաչափով մրցանակաբաշխությունն է։ Առաջին անգամ է նաև, որ ակադեմիան է որոշելու հաղթողներին», - ընդգծել է Ավետը։
Ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը ևս մեծ սպասելիքներ ունի։ Ըստ նրա՝ կարմիր գորգից մինչև փակում շատ շքեղ են կազմակերպել։ «Արել ենք այնպես, որ յուրաքանչյուր արտիստ իրեն լավ զգա։ Հուսով եմ՝ այս մրցանակաբաշխությունը կմոտիվացնի հաջորդ տարիներին ներկայանալ նոր գաղափարներով։ Մրցանակաբաշխության համար աշխատում է 3 ռեժիսոր։ Ի սկզբանե որոշել էինք, որ երեքս պետք է ներկայացնենք մեր բեմադրությունը։ Եթե բոլորս հավանեցինք, ապա դա կիրականացնենք։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց կունենանք Խազեր» մրցանակաբաշխության մասին հոլովակ։ Այն կներկայացնի հայկական երաժշտության էվոլյուցիան։ Հրավիրել ենք նաև արտասահմանցի երաժիշտների։ Փորձում ենք ոչ ստանդարտ կազմակերպել ամեն ինչ, որպեսզի առաջինն ինքներս մեզ զարմացնենք, հետո մյուսներին», - ասել է ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը։



