Իսպանացի Խոսելուն Մադրիդի «Ռեալում» կենտրոնական հարձակվողի դիրքում մրցակցության աճով պայմանավորված` որոշել է հեռանալ ակումբից։
COPE-ն հայտնում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել «Ռեալի»` ֆրանսիացի Կիլիան Մբապեին ու բրազիլացի Էնդրիկին ձեռք բերելուց հետո։ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փորձել է համոզել նրան չհեռանալ, բայց ապարդյուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը Եվրո-2024-ից հետո կվերադառնա կատալոնական «Էսպանյոլ», այնուհետև կտեղափոխվի Կատարը ներկայացնող «Ալ Գարաֆա»։ Խոսելուի տեղափոխության հարցում բանակցությունները վերջնական փուլում են։
Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողը 2023/24 մրցաշրջանում մադրիդյան գրանդում հանդես էր գալիս վարձավճարով և 49 խաղում դարձել է 17 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Խոսելուն «Ռեալի» հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն ու Սուպերգավաթակիր, ինչպես նաև հաղթեց Չեմպիոնների լիգան։