Logo

Կիպրոսը ներկայացնող ակումբը հետաքրքրված է Սևիկյանի ծառայություններով

19:56 / 06.09.2023• Ֆուտբոլ
null

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։ «РБ Спорт»-ի հետ զրույցում 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածությունը հաստատել է Կիպրոսի «Արիսի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին։

«Մենք դեռևս դիտարկում ենք նոր համալրում ունենալու տարբերակը։ Ինձ շատ է դուր գալիս «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը։ Շատ հետաքրքիր ֆուտբոլ է խաղում։ Բայց գործարքը տեղի ունենալու համար շատ բան պետք է համընկնի։

Այս պահին դժվար է Սևիկյանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ կատարելը, քանի որ վերջինս հայտնվել է նաև այլ ակումբների ուշադրության կենտրոնում, բացի այդ էլ իր թիմում համարվում է առանցքային խաղացող»,- նշել է Շպիլևսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ իսպանական «Խետաֆեն» ևս հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով։ Օրեր առաջ Սևիկյանն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն մերժել էր հրավերը՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։ Սպասվում է, որ կիսապաշտպանը Հայաստանի հավաքական կհրավիրվի հոկտեմբերին կայանալիք խաղերից առաջ։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանն անցկացրել է 10 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։ Նախկինում կիսապաշտպանը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ