ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» և հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» պատասխան խաղը կսպասարկի նորվեգացի Սիգուրդ Կրինգսթադի գլխավորած մրցավարական անձնակազմը, եզրերում կօգնեն Ռունար Լոնգսեթը և Օլե Անդրեասը, չորրորդ պաշտոնյան կլինի Դանիել Հիգրաֆը (բոլորը՝ Նորվեգիա): Առաջին խաղում Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնը հաղթել էր 2-1 հաշվով, պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Երևանի «Ուրարտուի» և չեխական «Բանիկ Օստրավայի» պատասխան խաղի գլխավոր մրցավար է նշանակվել ղազախ Բուլաթ Սարիյևը, որին եզրերում կօգնեն Սերգեյ Կալաչյովըն ու Դենիս Լաբաշովը, չորրորդ պաշտոնյան կլինի Այդին Տասուբաևը (բոլորը՝ Ղազախստանը): Առաջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս պարտվել էր 1-5 հաշվով, պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին երևանյան ակումբի ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
«Արարատ-Արմենիա» - «Զիմբրու» դիմակայության պատասխան խաղը կսպասարկի հունական մրցավարական անձնակազմը՝ Արիստոտելիս Դիամանտոպուլոսի գլխավորությամբ: Եզրերում նրան կօգնեն Կոնստանտինոս Պսարիսն ու Կոնստանտինոս Տրիանտաֆուլուն, չորրորդ պաշտոնյան Կոնստանտինոս Պերակիսն է: Առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Մոլդովայում հաղթել էր 3-0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին Ավանի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» և մալթական «Սլիմա Ուոնդերեսի» պատասխան հանդիպումը կսպասարկի Ուելսը ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Ռոբերտ Յան Յենկինսի գլխավորությամբ: Եզրերում կաշխատեն Յան Դևիդ Բայրդը և Մարտին Ռոբերտսը, չորրորդ պաշտոնյան կլինի Ալեքս Մչայնչը: Առաջին խաղում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում հաղթել էր 7-0 հաշվով, պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին Մալթայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:


