Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ընդունել էր Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին» և վստահ հաղթանակի հասել 7-0 հաշվով։
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կայացած հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք։
Հիշեցնենք, որ դա Կոնֆերենցիաների լիգայում ամենախոշոր հաշվով հաղթանակի կրկնություն էր: Նախկինում գոլերի այդպիսի տարբերությամբ չեխական «Սլավիան» հաղթել էր Ջիբրալթարի «Սեն-Ջոզեֆին», հոլանդական «ԱԶ Ալկմարը»՝ շոտլանդական «Դանդի Յունայթեդին», իսկ լատվիական «Վալմիերան»՝ Սան Մարինոն ներկայացնող «Տրե Պենեին»: Բոլոր խաղերը կայացել են որակավորման փուլում:
«Նոան» տարել էր անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը եվրագավաթներում: Հեթ-տրիկի հեղինակ էր դարձել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, իսկ ալբանացի վինգեր Էրալդո Ցինարին մրցակցի դարպասը գրավել էր երկու անգամ։ Ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու պորտուգալացի Էլդեր Ֆերեյրան աչքի էին ընկել մեկական անգամ։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին Մալթայում։ «Սիլմա Ուոնդերերսի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի ԱԵԿ (Հունաստան) - «Ինտեր Կլուբ Էսկալդես» (Անդորրա) դիմակայության հաղթողի հետ։



