Logo

ԿԼ. «Նոան» Վիեննայում պարտվեց «Ռապիդին»

22:42 / 24.10.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց ավստրիական «Ռապիդին»:

Ռուի Մոտայի գլխավորած թիմը Վիեննայում կայացած խաղն ակտիվ սկսեց, մեկնարկում երկու հարված կատարեց: Բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպաններին և հեռացավ դիմային գծից: Րոպեներ անց ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը մոտ տարածությունից թույլ հարված կատարեց, գնդակն առանց խնդիրների վերցրեց դարպասապահ Նիկլաս Հեդլը:

17-րդ րոպեին վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվեց «Նոայի» իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը, խաղադաշտ դուրս եկավ Հովհաննես Համբարձումյանը:

«Ռապիդը» խաղակեսի միջնամասից սկսեց ավելի ակտիվ գործել և մի քանի դիպուկ հարված կատարեց: 31-րդ րոպեին «Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը երկու անգամ փրկեց թիմին վերահաս գոլից, մրցակցի գրոհի երրորդ տեմպից հետո սերբը ցատկեց, սակայն վրիպեց և գնդակին չհասավ, «Ռապիդի» խորվաթ հարձակվող Դիոն Դրենա Բելյոն գրավեց անպաշտպան մնացած դարպասը:

Խաղակեսի վերջնամասում ավստրիական թիմը երկրորդ գոլը խփելու հնարավորություններ ունեցավ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ` 1-0:

Երկրորդ խաղակեսում «Նոան» ավելի համարձակ գործեց, ձեռնարկեց մի շարք գրոհներ, սակայն հայկական թիմի ֆուտբոլիստների կատարած 7 հարվածներից մեկը դիպուկ եղավ:

«Ռապիդը» երկրորդ խաղակեսում 12 հարված կատարեց, երկուսը` դիպուկ:

Այսպիսով, «Նոան» խաղային առումով շատ չզիջեց մրցակցին, սակայն պարտվեց` 0-1:

Մոտայի թիմն այս պահի դրությամբ երեք միավորով 15-րդն է, «Ռապիդը»` 6 միավորով 6-րդը:

Հիշեցնենք, որ «Նոան» մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր չեխական «Մլադա Բոլեսլավին» և հաղթել 2-0 հաշվով։ «Ռապիդն» առաջին տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության էր հասել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրի» նկատմամբ։

«Նոան» երրորդ տուրում նոյեմբերի 7-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»:

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, երկրորդ տուր

«Ռապիդ» (Ավստրիա) - «Նոա» (Հայաստան)` 1-0 (տեսանյութ)

Դիոն Դրենա Բելյո, 31

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ