«Կալյարիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ իտալական ակումբն իր վերջին աշխատավայրն է: Իտալացի մասնագետը հոկտեմբերին կդառնա 72 տարեկան:
«Քանի դեռ աշխատում եմ, զգոն եմ: Մարզիչ աշխատելով՝ կարողանում եմ երիտասարդ մնալ: Ես փոխվում եմ ֆուտբոլի հետ, հարմարվում եմ, թարմանում: Ինձ ժամանակակից մարզիչ եմ զգում, ունեմ նաև փորձ, որը շատ օգտակար է:
Որոշում եմ կայացրել, որ «Կալյարին» վերջին ակումբն է, որը կմարզեմ: Բացառություն կանեի միայն հավաքականում ինտրիգային աշխատանքի համար, սակայն միաժամանակ պետք է նշեմ, որ չեմ ձգտում հայտնվել Իտալիայի հավաքականի պահեստայինների նստարանին:
Այո՛, ես կանգ կառնեմ «Կալյարիում», բայց չգիտեմ՝ երբ: Գուցե ևս 20 տարի մնամ»,- Tuttomercatoweb-ը մեջբերում է Կլաուդիո Ռանիերիի խոսքը:
71-ամյա Ռանիերին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է իտալական «Նապոլին», «Ֆիորենտինան», «Յուվենտուսը», «Ռոման», «Ինտերը», իսպանական «Վալենսիան» ու Մադրիդի «Աթլետիկոն», անգլիական «Չելսին», «Լեսթերը», «Ֆուլհեմը», «Ուոթֆորդը»: Մարզիչը 2014 թվականին աշխատել է նաև Հունաստանի հավաքականում, որի ղեկին անցկացրել է 4 խաղ:
Իտալացի մասնագետի մարզչական կարիերայի գլխավոր հաջողությունը «Լեսթերի» հետ Անգլիայի չեմպիոնությունն է 2015/16 մրցաշրջանում:


