«Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի երրորդ տուրի խաղում իր թիմի անհավատալի քամբեքից հետո «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այս խաղի մասին պատմելու է իր թոռներին:
Հիշեցնենք, որ մերսիսայդյան ակումբը հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվում էր «Նյուքասլին» և 28-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով (հեռացվել էր Վան Դեյկը): 77-րդ րոպեին փոխարինման մտավ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, որն 81-րդ և ավելացված ժամանակի երրորդ րոպեներին աչքի ընկավ գոլով ու հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»:
«Հազար խաղ եմ անցկացրել, բայց երբեք այսպիսի հանդիպում չեմ ունեցել: Հաշվի առնելով, որ մենք 10 ֆուտբոլիստով էինք ու խաղում էինք նման մրցակցի դեմ, վստահ եմ, որ երբեք այսպիսի խաղ չեմ ունեցել: Այսպիսի պահերը հազվադեպ են ու առանձնահատուկ:
Ընդմիջմանն ասացի, որ այս խաղը կարող է լինել այն, ինչի մասին հետո կկարողանանք պատմել մեր թոռներին: 10 օրից ես իմ թոռներին կտեսնեմ ու անպայման կպատմեմ այս խաղից:
Մեզ համար պարզ էր երկու բան՝ այլևս չէինք կարող գնդակ բաց թողնել, իսկ Տրենտն այլևս չէր կարող դեղին քարտ ստանալ»,- Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է գերմանացի մասնագետը:


