Ռումինական «Կլուժի» սեփականատեր Նելու Վարգան հայտնել է, որ ակումբը մոտ է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչի տրանսֆերն իրականացնելուն:
«Մենք ուժեղ կազմ ենք հավաքելու: Մոտ ենք «Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչին և Գանայի ազգային հավաքականի կիսապաշտպանին ձեռք բերելուն: Գանացու անունը առայժմ չեմ կարող հայտնել»,- Նելու Վարգայի խոսքը մեջբերում է Digi Sport-ը:
Ավելի վաղ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել էր, որ հստակ ոչինչ չի կարող ասել 26-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ, քանի որ տրանսֆերային պատուհանը դեռ բաց է:
Հիշեցնենք, որ բոսնիացին նախորդ տարվա հուլիսից է խաղում երևանյան ակումբում: Ավարտված մրցաշրջանում Յուրիչիչը «Փյունիկի» կազմում անցկացրած 41 խաղում խփել էր 22 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 350 հազար եվրո:
Յուրիչիչը գոլ էր խփել նաև էստոնական «Նարվա Տրանսի» դեմ հուլիսի 13-ին Աբովյանի քաղաքային ստադիոնում կայացած Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում, որում «Փյունիկը» հաղթել էր 2-0 հաշվով:


