Ռուսական «Կրասնոդարի» նորանշանակ գլխավոր մարզիչ, սերբ մասնագետ Վլադիմիր Իվիչը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:
«Սպերցյանը լավագույններից մեկն է մեր թիմում։ Վերջին կես տարվա ընթացքում նա լավ արդյունքներ է գրանցել։ Սպերցյանը կմնա ակումբում։ Եթե Եվրոպայից հետաքրքրություն լինի, ապա անհրաժեշտ կլինի խոսել ղեկավարության հետ, որպեսզի բոլորի համար լավ լուծում գտնվի։
Նա մոտ ապագայում կմնա մեզ հետ, բայց ես դեմ չեմ այն պրակտիկային, երբ ֆուտբոլիստները մեկնում են Եվրոպա։ Ես այն մարզիչը չեմ, որը պահում է ֆուտբոլիստներին»,- Վլադիմիր Իվիչի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։
Ավելի վաղ տեղեկություններ կային Էդուարդ Սպերցյանի նկատմամբ եվրոպական տարբեր ակումբների հետաքրքրության մասին:
Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:


