Ռուսական «Կրասնոդարը» հրաժարվել է 8.5 միլիոն եվրոյով թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքն Ամստերդամի «Այաքսին» վաճառելուց, հաղորդում է Спорт-Экспресс-ը:
Ավելի վաղ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ նիդերլանդական ակումբը 8.5 միլիոն եվրո է առաջարկել՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության համար՝ ևս 2 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ, իսկ տրանսֆերի վերավաճառքից՝ 10 տոկոս եկամուտ:
«Կրասնոդարում» այս թիվը համարում են ոչ բավարար: Ռուսական ակումբը նաև չի ցանկանում թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստին բաց թողնել մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 41 խաղի, խփել 14 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում: Ավելի վաղ նա 12 գոլային փոխանցմամբ դարձել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Սպերցյանը նաև ՌՊԼ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։ Transfermarkt-ը 12 միլիոն եվրո է գնահատում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:


