ՊՍԺ-ի և Վրաստանի ազգային հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի թիմի հետ պատասխան հանդիպման մասին, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի թղթակիցը։
«Ես, իրոք, երջանիկ եմ ՊՍԺ-ում։ Այնտեղ, որտեղ քեզ հարգանքով են վերաբերվում, չես կարող երջանիկ չլինել։ Նույնը կարող եմ ասել Վրաստանի հավաքականի մասին։
Հենրիխ Մխիթարյանի հետ չեմ խոսել հավաքականների մասին։ Դիտել եմ Հայաստանի հավաքականի հանդիպումներից։ Նրանք լավ կազմ ունեն և զարգանում են։ Հուսով եմ` ապագայում ավելի շատ հնարավորություններ կունենան։
Պատմական հանդիպումից հետո առաջին անգամ ենք խաղալու «Դինամո Արենա» ստադիոնում, որտեղ բազում դրական հույզեր ենք ունեցել։ Ուրախ ենք կրկին վերադառնալ այստեղ»,- ասել է վրացի ֆուտբոլիստը։
Վրաստան - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին, Երևանի ժամանակով մեկնարկի 18:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Հայաստանի հավաքականը դիմակայության առաջին խաղում պարտվել է 0-3 հաշվով։