Logo

Կոնֆերենցիաների լիգա․ Այսօր հայկական ակումբները կպայքարեն որակավորման 3-րդ փուլի ուղեգրի համար

10:41 / 03.08.2023Ֆուտբոլ
null

Հայկական ակումբներն օգոստոսի 3-ին կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները:

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» կընդունի ռումինական «Ֆարուլին», որին հյուրընկալվելիս պարտվել է 2-3 հաշվով։ Երևանի «Ուրարտու» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին: Դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել Բոսնիա-Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4):

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում տնային հանդիպում կանցկացնի շվեդական «Կալմարի» հետ, որին առաջին խաղում հաղթել է 2-1 հաշվով։ Խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին: «Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):

Բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» մրցակցի խաղադաշտում կմրցի հունական «Արիսի» հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։15-ին: Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1։ Այս դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային» (1-1, 4-4, 11մ՝ 4-2):

«Ալաշկերտը» Երևանի ժամանակով 23։00-ին կհյուրընկալվի հունգարական «Դեբրեցենին», որին առաջին խաղում պարտվել է 0-1 հաշվով։ Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ: Որակավորման առաջին փուլում Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ուժեղ էր գտնվել Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատից» (1-1, 6-1):

Հիշեցնենք, որ «Փյունիկը» նախորդ մրցաշրջանում մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը։ «Ալաշկերտը» երկու տարի առաջ էր խաղացել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում և գրավել չորրորդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ