Logo

Կոնֆերենցիաների լիգա. Հայկական ակումբները մեկնարկում են որակավորման երկրորդ փուլում

10:11 / 27.07.2023• Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ուրարտուն», փոխչեմպիոն «Փյունիկը», բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» և լավագույն քառյակը եզրափակած «Ալաշկերտը» հուլիսի 27-ին կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները:

«Ուրարտուն» կհյուրընկալվի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: «Ֆարուլին» շրջանցելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4):

«Փյունիկը» կհյուրընկալվի շվեդական «Կալմարին», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: «Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):

«Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կընդունի հունական «Արիսին», խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Այս դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային» (1-1, 4-4, 11մ՝ 4-2):

«Ալաշկերտն» Աբովյանի քաղաքային ստադիոնում կընդունի հունգարական «Դեբրեցենին», խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: «Դեբրեցենի» արգելքը հաղթահարելու դեպքում Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ: Որակավորման առաջին փուլում «Ալաշկերտն» ուժեղ էր գտնվել Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատից» (1-1, 6-1):

Հիշեցնենք, որ «Փյունիկը» նախորդ մրցաշրջանում մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը։ «Ալաշկերտը» երկու տարի առաջ էր մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և գրավել չորրորդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ