Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտություն կրեց ԱՊՕԵԼ-ից

23:43 / 12.12.2024Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ և պարտվեց 1-3 հաշվով։

Առաջին խաղակեսի միջնամասից նախաձեռնողի դերում էր հայկական ակումբը։ Աչքի ընկնելուն մոտ էր բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը, բայց նրա հեռահար հարվածից հետո մրցակցի սլովենացի դարպասապահ Վիդ Բելեցը փրկեց իր թիմին։

23-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո առաջին լուրջ պահը հյուրերը վերածեցին դարպասի գրավման. աչքի ընկավ մարոկկացի պաշտպան Իսամ Չեբակը։

Նախքան ընդմիջում Ռուի Մոտայի գլխավորած թիմը շարունակում էր ճնշում գործադրել և ավելացված չորրորդ րոպեին Այասը խփեց պատասխան գոլը։

Երկրորդ խաղակեսում տանտերերը կրկին առավելություն ունեին։ Միջին տարածությունից կատարած հարվածով փորձեց աչքի ընկնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, բայց գնդակը շեղ ընթացավ։

67-րդ րոպեին «Նոան» կտրուկ հակագրոհ իրականացրեց։ Ալբանացի վինգեր Էրալդո Չինարին անչափ նպաստավոր դիրք դուրս բերեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի եզրային հարձակվող Վիրջիլ Պինսոնին։ Վերջինս փորձեց գրավել դարպասի հեռավոր անկյունը, բայց Բելեցը դժվարությամբ գնդակը հեռացրեց անկյունային։

83-րդ րոպեին Պինսոնը տպավորիչ հարվածով առաջ մղեց «Նոային», սակայն գլխավոր մրցավարը դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու չեղարկեց գոլը. գրոհի սկզբնամասում 28-ամյա ֆուտբոլիստը ձեռքով էր կասեցրել գնդակը։

Հյուրերը 89-րդ և 90+3-րդ րոպեներին երկու գոլ խփեցին ու հասան հաղթանակի։

Հայաստանի փոխչեմպիոնը մնաց 4 միավորով և 29-րդն է, ԱՊՕԵԼ-ը 10 միավորով բարձրացավ 9-րդ տեղ։

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 19-ին և մրցակցի դաշտում կհանդիպի սերբական «Բաչկա Տոպոլային»։

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր

«Նոա» (Հայաստան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)` 1-3 (տեսանյութ)

Մաթեուս Այաս, 45+4 - Իսամ Չեբակ, 23, Գեորգի Կոստադինով, 89, Դևիդ Աբագնա, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա