Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին մրցավեճում առավելությամբ խաղաց և հաղթեց 2-0 հաշվով:
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կայացած խաղի հաշիվը բացվեց 81-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Գոնշալու Գրեգորիուն, որը «Նոայի» կազմում նորամուտը նշեց: Գոլի դրվագում «Նոայի» ֆուտբոլիստները եզրային նետումը տուգանայինի նման խաղարկեցին և Գրեգորիուն գլխի հարվածով գնդակը մխրճեց մրցակցի դարպասը: Պորտուգալացին փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին:
«Նոան» 90-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո նաև երկրորդ գոլը խփեց, դարպասի գրավմամբ աչքի ընկավ սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:
Սա «Նոայի» առաջին հանդիպումն էր պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտայի գլխավորությամբ:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 18-ին Հյուսիսային Մակեդոնիայում։ «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կխաղա Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» հետ։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Նոա» (Հայաստան) - «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա)՝ 2-0
Գոնշալու Գրեգորիու, 81, Ալեքսանդր Միլկովիչ, 90


