Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» մրցակցի խաղադաշտում մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ ու պարտություն կրեց 0-3 հաշվով։
Երևանյան ակումբի մեկնարկային կազմից բացակայում էին հարձակման գծի առաջատարները։ Նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն փոխարինողների թվում էր և դաշտ դուրս եկավ ընդմիջմանը, իսկ բոսնիացի Լուկա Յուրիչիչը բացակայում էր հայտացուցակից։
Նորվեգիայի ընթացիկ առաջնության առաջատարը շատ ակտիվ սկսեց խաղը և արդեն 6-րդ րոպեն բացեց հաշիվը։ Աչքի ընկավ դանիացի կիսապաշտպան Ալբերտ Գրյոնբեկը։
10-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Փյունիկի» առանցքային խաղացողներից Հովհաննես Հարությունյանը։ 24-ամյա կիսապաշտպանին փոխարինեց Դավիդ Դավիդյանը։
«Բուդյո Գլիմտը» պահպանում է խաղային առավելությունը, իսկ 31-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը կամերունցի հարձակվող Ֆաբրիս Մումբանիայի գոլի շնորհիվ։ Թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվի ժամանակ։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձավ խոշոր։ 56-րդ րոպեին դաշտի տերերի երրորդ գոլը խփեց նորվեգացի կիսապաշտպան Ամալ Պելեգրինոն՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
«Փյունիկի» ու «Բուդյո Գլիմտի» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Այս զույգի հաղթողը որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ երկու փուլերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։
Նախորդ մրցաշրջանում Հայաստանի 15-ակի չեմպիոնը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում
«Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 3-0
Ալբերտ Գրյոնբեկ, 6, Ֆաբրիս Մումբանիա, 31, Ամալ Պելեգրինո, 56
«Փյունիկ»․ Ստանիսլավ Բուչնև, Խուան Բրավո, Անտոն Բրատկով, Միխայիլ Կովալենկո, Ժունինյո, Խամես, Արտակ Գրիգորյան (Էդգար Մալաքյան, 74), Հովհաննես Հարությունյան (Դավիդ Դավիդյան, 10), Արտակ Դաշյան (Ռավանելի, 90+1), Խոսե Կարաբալյո (Յուսուֆ Օտուբանջո, 46), Թաոֆիկ Ջիբրիլ (Լուկաս Վիլելա, 74)։


