ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում հուլիսի 24-ին կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» ռումինական «Ֆարուլին» հաղթելու դեպքում որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4):
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկը» շվեդական «Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):
«Արարատ-Արմենիայի» և հունական «Արիսի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային» (1-1, 4-4, 11մ՝ 4-2):
«Ալաշկերտը» հունգարական «Դեբրեցենի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ավստրիական «Ռապիդի» հետ: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում ուժեղ էր գտնվել Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատից» (1-1, 6-1):
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 10-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց:


