
տուր
01 Հունվար 1970 - 20:37
- 
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է «Նապոլիի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը (1-1), որից հետո նրա թիմը դուրս է մնացել հետագա պայքարից:
«Մենք 2 խաղի արդյունքով, կարծում եմ, արժանի էինք դուրս գալ եզրափակիչ: Տղաներից բողոքելու բան առանձնապես չունեմ, մենք այսօր խաղացինք հենց այնպիսի ագրեսիվ ոճով, որով ես և կցանկանայի, մենք գերիշխեցինք:
Բազմաթիվ շանսեր ունեինք, կարող էինք ավելի սառնասիրտ գործել, սակայն Դավիդ Օսպինան մի քանի հիանալի սեյվի հեղինակ դարձավ ու վճռեց հանդիպման ելքը:
Բաց թողած գոլը հիասթափեցրեց, մենք թույլ տվեցինք անհարկի, պարզունակ սխալ: Շատ պահեր ստեղծեցինք, գերիշխեցինք խաղադաշտում, և այս խաղը մեզ լավ օրինակ կծառայի ապագայի համար:
«Նապոլիի» գոլի ժամանակ անդրադարձ եղավ, ու մենք կորցրինք մեր համախմբվածությունը: Բավականաչափ կենտրոնացվածություն չկար այդ պահին, ինչի հետևանքով էլ թանկ վճարեցինք: Սա մեզ համար, ամեն դեպքում, դաս կդառնա, որ նման դրվագներն այս մակարդակում որոշիչ են դառնում: Դա մեզ կօգնի աճել:
Տղաները հիասթափված են, որ 2 խաղերի հանրագումարում չանցան եզրափակիչ: Գոհ եմ խաղից, և եկեք չմոռանանք, որ «Նապոլին» խոր պաշտպանության էր անցել ու հակագրոհում էր, և կիսապաշտպանների համար հատկապես նման իրավիճակներում դժվար է ճանապարհներ գտնել փոխանցումների համար:
Ամեն դեպքում, շատ պահեր ստեղծեցինք, ու ես շատ ուրախ եմ նրա համար, որ Էրիկսենը հաջողությամբ հարմարվում է թիմին: Մենք նրա հետ աշխատել ենք և՛ ֆիզիկական, և՛ տակտիկական տեսանկյունից, ու դա տեսանելի է: Նա խաղի ընթացքում վազում է 10-12 կմ, և ես գոհ եմ նրա այսօրվա ելույթից: Եթե Օսպինայի լավ խաղը չլիներ, Քրիստիանը դուբլ կձևակերպեր:
Ես հենց այսպիսի «Ինտեր» եմ ցանկանում տեսնել: Մենք ժամանակի շուրջ 60%-ում վերահսկում էինք գնդակը, շատ ավելի մեծ թվով հարվածներ կատարեցինք դարպասին: «Նապոլին» եզրափակիչում է, հանում ենք մեր գլխարկները նրանց առջև, սակայն պետք է գնահատել ոչ միայն արդյունքը, այլև խաղը:
Ես շատ գոհ եմ թիմից ու զգում եմ, որ մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալու»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Ինչպես կորոշվի Իտալիայի չեմպիոնը, եթե մրցաշրջանը նորից դադարեցվի

