ԱՄՆ-ում մեկնարկել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 48-րդ խաղարկությունը: Ատլանտա քաղաքում կայացել է բացման հանդիպումը, որում մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի հավաքականը 2-0 հաշվով ուժեղ է գտնվել Կանադայի թիմից:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի փոխանցումից հետո «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերն առաջինն է հասել գնդակին, այնուհետև բախվել դարպասապահին, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը գրավել է դարպասն ու բացել հաշիվը:
Խաղի վերջնամասում Մեսին գեղեցիկ գրոհի վերջում դարպասապահի դեմ մեն-մենակ է դուրս բերել իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, որն էլ հաշիվը դարձրել է 2-0:
Աշխարհի գործող չեմպիոնը 3 միավորով գլխավորել է A խումբը, իսկ խմբի մյուս հավաքականները՝ Պերուն և Չիլին, իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 21-ին:
Ամերիկայի գավաթ, A խումբ, առաջին տուր
Արգենտինա – Կանադա՝ 2-0 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 49, Լաուտարո Մարտինես, 88