Կոստա Ռիկայի «Պունտարենաս» ակումբի եզրային հարձակվող Էնթոնի Էրնանդեսը Հայաստանի, Ռուսաստանի, Բելգիայի և Լիտվայի մի շարք ակումբների տրանսֆերային թիրախում է, հայտնում է Tigo Sports Costa Rica-ն:
«Վիվառո Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել է, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատը»:
Էրնանդեսը նախորդ տարվա սեպտեմբերից հրավիրվում է Կոստա Ռիկայի ազգային հավաքական, որի կազմում անցկացրած երեք խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ: Ֆուտբոլիստը հայտավորված է եղել նաև նախորդ տարի Կատարում կայացած աշխարհի առաջնությանը, սակայն խաղաժամանակ չի ստացել:
Ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսը «Պունտարենասի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո:


