Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լեհաստանի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի G խմբի 7-րդ տուրի խաղի (1-1) մասին, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Հիասթափությունն ավելի շատ է, քան ուրախությունը, բայց ևս մեկ քայլ կատարեցինք` աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար։
Բարդ է խաղալը նման թիմերի դեմ, որոնք պաշտպանվում են այդքան խորը։ Պետք է համբերատար լինեինք ու ավելի բազմազան գրոհներ անցկացնեինք, բայց առջևի գծում սպասվածից քիչ պահեր ստեղծեցինք»,- ասել է 62-ամյա մասնագետը։
Նիդերլանդցիներն ընտրական մրցաշարի վերջին տուրից առաջ 17 միավորով G խմբի առաջատարն են։ Մունդիալի ուղեգիր նվաճելու համար «Նարնջագույններին» Լիտվայի դեմ 8-րդ տուրի խաղում բավարար կլինի ոչ-ոքին։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


