Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Լեհաստանի թիմի նկատմամբ կամային հաղթանակը 2-1 հաշվով։
«Մոտ մեկ ժամ շատ լավ էինք խաղում և կարող էինք ավելի շատ պահեր ստեղծել։ Գոլ բաց թողեցինք ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո պաշտպանությունում թույլ տված սխալի պատճառով։ Կփորձենք մարզումների ժամանակ շտկել նման սխալները։
Հաշիվը պետք է լիներ 3-1 կամ 4-1, բայց, ինչպես տեսնում եք, ամեն ինչ դժվար տրվեց։ Չեմ հաշվել, թե քանի պահ բաց թողեցինք։ Գերմանիան ունեցավ երկու պահ և նույնքան գոլ խփեց, իսկ մենք հինգ պահից մեկն ենք իրացրել։ Գոլային պահեր ստեղծելն ու դրանք իրացնելը տարբեր երևույթներ են։
Դրական երևույթներ շատ կարող եմ նշել, բայց մի շարք ասպեկտներ պետք է բարելավենք։ Օրինակ` ազատ տարածությունները պետք է սկսենք ավելի լավ օգտագործել։ Տիջանի Ռեյնդերսը երկու անգամ կարող էր մեն-մենակ դուրս գալ դարպասապահի դեմ, եթե մեր փոխանցումներն ավելի ճշգրիտ լինեին»,- Կումանի խոսքը մեջբերում է Voetbal International-ը։
Նիդերլանդների հավաքականը Եվրո-2024-ի D խմբում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին և կմրցի Ֆրանսիայի թիմի դեմ։ Այդ խմբում ընդգրկված է նաև Ավստրիայի հավաքականը։