«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում «Սելտայի» դեմ արտագնա խաղում (2-2) թույլ տված սխալի մասին։
«Հանդիպման ընթացքում այնքան էլ նվիրված չէինք, որքան պետք էր։ Խոսքն առաջին հերթին իմ մասին է։ Ես վատ հանդիպում անցկացրի։
Մենք ոչ-ոքի խաղացինք իմ սխալի պատճառով։ Այդ դրվագում ես ամեն ինչ տեսնում էի և նկատեցի, որ գնդակը հեռանում է, բայց ինձ խանգարեց կենտրոնացվածության պակասը։
Սա մեզ համար մեծ դաս էր։ Բոլորս կարծում էինք, թե ամեն ինչ շատ հեշտ է։ Նախորդ երկու խաղերում մենք լավ չենք հանդես եկել, բայց դա մրցաշրջանի մի մասն է։ Այժմ պետք է ցույց տանք` արդյո՞ք միասնական ենք, թե՝ ոչ»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Սելտայի» դեմ խաղում «Բարսելոնան» ուներ երկու գնդակի առավելություն, սակայն մրցակիցը կարողացավ խաղավերջում վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Վիգոն ներկայացնող ակումբը երկրորդ գոլը խփեց Կունդեի` սեփական տուգանային հրապարակում թույլ տված կոպիտ սխալից հետո։