Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ FIFA The Best մրցանակաբաշխության լավագույն դարպասապահի անվանակարգում չընդգրկվելու պատճառը, հնարավոր է, իր՝ ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի վերաբերյալ վերջին շրջանի մեկնաբանություններն են:
Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղից առաջ և հետո Կուրտուան քննադատել էր մրցաշարի կազմակերպիչներին՝ երրորդ տեղի համար խաղն անվանելով անիմաստ ու միմիայն փող աշխատելու միջոց: «Եկեք ազնիվ լինենք՝ երրորդ տեղի համար խաղն ուղղակի փող աշխատելու միջոց է: Մենք խաղում ենք միմիայն նրա համար, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ գումար աշխատի: Նայեք թիմերի կազմերը, դրանցում եղած փոփոխությունները: Եթե այս խաղը լիներ եզրափակիչ, լրիվ այլ կազմերով թիմերը խաղադաշտ դուրս կգային: Այս ամենն ապացույցն է նրա, որ մենք չափից շատ ենք խաղում»,- ասել էր Կուրտուան:
«Շերիֆի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք խաղին նախորդած ասուլիսի ժամանակ Կուրտուան անդրադարձել է The Best մրցանակաբաշխության լավագույն դարպասապահի հավակնորդների անվանացուցակից դուրս մնալուն: «Գավաթներն ավելի կարևոր են, քան անհատական մրցանակները: Ես նախընտրում եմ հաղթել Չեմպիոնների լիգան, Լա լիգան, քան այդ մրցանակները: Ինձ չի զարմացնում, որ ես չեմ հայտնվել The Best-ի հավակնորդների անվանացուցակում. հավանաբար մեկ ամիս առաջ տեղի ունեցածի, իմ մեկնաբանությունների պատճառով է… Չգիտեմ: Ես գիտեմ՝ ինչ եմ անում՝ թիմին օգնելու համար, իսկ դա կարևորագույնն է: Չգիտեմ՝ ով է որոշում հավակնորդներին, բայց չեմ պատրաստվում այլևս խոսել այդ թեմայով: Հավակնորդների թվում հիանալի դարպասապահներ կան. թող հաղթի լավագույնը»,- Marca-ն մեջբերում է բելգիացու խոսքը:
Տարվա լավագույն դարպասապահ մրցանակին հավակնում են Ալիսոն Բեկերը(Բրազիլիա, «Լիվերպուլ»), Ջանլուիջի Դոնարուման(Իտալիայի հավաքական, նախկինում՝ «Միլան», այժմ՝ ՊՍԺ), Էդուար Մենդին(Սենեգալի հավաքական, «Չելսի»), Մանուել Նոյերը(Գերմանիայի հավաքական, «Բավարիա»), Կասպեր Շմեյխելը(Դանիայի հավաքական, «Լեսթեր»):