Կյանքից հեռացել է Հարավսլավիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, իտալական «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը: Սերբ մասնագետը 53 տարեկան էր:
Սինիշա Միխայլովիչը երկար տարիներ պայքարում էր լեյկեմիայի (արյան քաղցկեղ) դեմ: Հիվանդությունը հայտնաբերվել էր 2019 թվականի հուլիսին, իսկ մեկ տարի անց նա վերադարձել էր մարզչական աշխատանքի:
2022 թվականի գարնանը սերբ մարզիչը հայտնել էր լեյկեմիայի կրկնվելու մասին և կրկին հայտնվել հիվանդանոցում: Ապրիլին «Բոլոնիայի» գլխավոր մարզիչը թիմին ցուցումներ էր տալիս հիվանդասենյակից՝ խոստանալով հաղթել հիվանդությանը:
Ֆուտբոլային կարիերայի տարիներին Սինիշա Միխայլովիչը խաղացել է սերբական «Բորովոյում», «Վոյվոդինայում», «Ցրվենա Զվեզդայում», «Ռոմայում», «Սամպդորիայում», «Լացիոյում» և «Ինտերում», դարձել Իտալիայի կրկնակի չեմպիոն, քառակի գավաթակիր ու եռակի սուպերգավաթակիր։ Հարավսլավիայի հավաքականի կազմում լեգենդար պաշտպանը 1991-2003-ին անցկացրել է 63 հանդիպում ու դարձել 9 գոլի հեղինակ։ 1999-ին ճանաչվել է Սերբիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Մարզչական կարիերայի ընթացքում Միխայլովիչն աշխատել է «Ինտերում», գլխավորել «Կատանիան», «Ֆիորենտինան», «Սամպդորիան», «Միլանը», «Տորինոն», Լիսաբոնի «Սպորտինգը», իսկ «Բոլոնիայում» էր 2019 թվականից։ 2012-2013-ին նա Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր։


