Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հեռանալու և հնարավոր փոխարինողի մասին:
«Ինձ դուր է գալիս Լուիս Էնրիկեն: Նա շատ լավ մասնագետ է, բայց ես դեռ չեմ խոսել ո՛չ նրա, ո՛չ էլ ինչ-որ թեկնածուի հետ, քանի որ հարգում եմ Չավիին:
Ով ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», պետք է սպասի մրցաշրջանի ավարտին, որովհետև մենք սպասելու ենք Չավիի որոշմանը»,- 61-ամյա ֆունկցիոների խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 44-ամյա Չավի Էրնանդեսը վերջերս հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին՝ պատճառաբանելով, որ ակումբին փոփոխություններ են հարկավոր։ Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին։
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրից հետո կատալոնական ակումբը վաստակել է 64 միավոր և երկրորդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում դուրս է եկել քառորդ եզրափակիչ։


